Հիմնարար սկզբունքները, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, մնում են բանակցությունների սեղանին: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հակամարտության նոր սկզբունքներ կան, իսկ Մադրիդյան սկզբունքնեն անցել են պատմության գիրկը։
«Եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել կողմերին` արագացնել պայմանավորվածության ձեռքբերումը հիմնարար սկզբունքների շուրջ: Դրանք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Էնիսկիլենում 2013թ. Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում, և դա անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կարևորագույն փաստաթղութն է, կոչ է արվում վերահաստատել հավատարմությունը, հանձնառությունն այդ սկզբունքներին: Եվ, ինչպես դուք գիտեք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն անմիջապես վերահաստատեց իր հավատարմությունն այդ սկզբունքներին:
Ուրիշ բան է, որ Ադրբեջանն ապարդյուն փորձեր է շարունակում անտեսել թե՛ այդ սկզբունքները, թե՛ եռանախագահների կողմից կոչերը: Դրա վառ օրինակն է, որ 2013թ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գործունեության ամփոփման մեջ, որը ներկայացվել է մի քանի օր առաջ մամուլին, որևէ խոսք չկա Էնիսկիլենում ընդունված հայտարարության վերաբերյալ։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը ձևացնում է, թե ամենակարևոր փաստաթուղթը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը ընդունվել է անցյալ տարի միջնորդության միջազգային մանդատ ունեցող երկրների կողմից, ընդհանրապես գոյություն չունի։ Չնայած այդ բոլորին, իհարկե, գիտեք, բանակցությունները շարունակվում են, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Վաղը ես մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում կլինի եռանախագահների հետ, իսկ հաջորդ օրը նաև նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ», – ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններում որոշակի լարվածություն կա, Նալբանդյանը նշել է, որ 2013 թվականի ընթացքում բարձր մակարդակով բազմաթիվ այցեր են իրականացվել Հայաստանի ու Իրանի և Վրաստանի միջև, և բարիդրացիական սերտ համագործակցությունն այդ երկրների հետ շարունակվել է, իսկ խնդիրների մասին խոսակցությունները հիմք չունեն։