ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը դեռ մեկ տարի առաջ քննարկել է պետական համալսարանները ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպելու հարցը և եզրակացրել, որ այն բխում է Բոլոնյան գործընթացի պահանջներից և մեկ քայլ առաջ է համալսարանների ինքնավարության ապահովման տեսակետից: Խորհուրդը ողջունել է դեռևս 2012թ. այս ուղղությամբ կատարված առաջին քայլը, որով Հայաստանի պետական ագրարային համալսարանը վերակազմակերպվեց որպես հիմնադրամ:
Կառավարության որոշմամբ` «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի է վերածվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Ակնկալվում է, որ նորաստեղծ հիմնադրամը ավելի մեծ հնարավորություն կունենա բարելավել կրթության որակը, ճկուն և արդյունավետ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների, ավելացնել պետբյուջե մուծվող հարկերը, հաղորդում է Կառավարության պաշտոնական կայքը։