Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցը` հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունից107,95 միլիոն դոլար բռնագանձելու վերաբերյալ։ Այս մասին երեկ հայտնել է rapsinews.ru-ն։
Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է գանձել 68.6 միլիոն դոլար հիմնական պարտքը, ինչպես նաև տոկոսներ ու վարկային տուգանքներ: Սկզբնական շրջանում Միջպետական բանկը ընկերությունից 25,183 միլիոն դոլար բռնագանձելու մասին հայց էր ներկայացրել, սակայն նախորդ նիստի ընթացքում հայցվորը մեծացրել է պահանջները։ Պատասխանող կողմի, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները դատական նիստին չեն ներկայացել, չնայած դատի մասին ծանուցում էին ստացել։
2006 թվականին բանկը Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի չափով վարկ էր ձևակերպել։ Միջպետական բանկը նաև մեկ այլ հայց է ներկայացրել՝ «Նաիրիտ» գործարանին, որը հանդես է գալիս որպես վարկի երաշխավոր՝ 25,183 միլիոն դոլար բռնագանձելու վերաբերյալ։ Հայցով դատական նիստը նշանակված է մարտի 11-ին։
Այս տարվանից «Նաիրիտ»-ն անցնում է «Ռոսնեֆտ» ռուսաստանյան ընկերության տնօրինության տակ։ Գործարանն աշխատելու է «Պիրելի» անվադողեր արտադրող իտալական ընկերության համար։
Նշենք, որ ավելի վաղ հայաստանյան մամուլն անդրադարձել էր Rhinoville Property Limited ընկերության և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կապին։ Նյութը՝ այստեղ։