Կարգապահական խախտումներով կորուստները Հայաստանի Զինված ուժերում 2013 թվականին պակասել են 32%-ով, իսկ ժամկետային զինծառայողների մասով՝ 20%-ով: Այս մասին լրագրողների հետ 2013 թվականի ամփոփման ասուլիսին ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե կոնկրետ քանի զոհ է եղել:
«Կորուստները նվազել են: Թե կոնկրետ քանի մահ է եղել, չեմ ուզում վիճակագրությանը տրվել»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Անցյալ տարվա ընթացքում կորուստների պակասելը նախարարը պայմանավորել է իրենց նախաձեռնած մի շարք գործողություններով, այդ թվում՝ ռազմական կրթության հայեցակարգ ընդունելով, «Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության ուղեցույց-ձեռնարկ»-ն ընդունելով, Մարդու իրավունքները ԶՈՒ-ում ծրագիրը սկսելով:
Նախարարը կրկին նշել է, որ կարգապահությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու քաղաքականությունը շարունակվելու է և 2014 թվականին առաջանահերթությունն է լինելու «փողոցային բարքերի դեմ պայքարը»:
Նախարարը նաև անդարադարձել է «Զինապարտության» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով հանվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում սովորողների տարկետման իրավունքը: Սեյրան Օհանյանի խոսքով՝ այդպիսով հավասար պայմաններ կստեղծվեն բոլորի համար: Իսկ թե քանի քաղաքացի է կրթություն ստանալու պատրվակով խուսափել զինծառայությունից՝ Օհանյանը հրաժարվել է ասել:
«Մեկ հոգին էլ կարևոր է»,- ասել է նա:
Լրագրողներից մեկը հիշեցրել է՝ կառավարություն շենքի մոտ տարիներ շարունակ բողոքի ակցիա անող ծնողները դժգոհություն են հայտնել, որ նախարարը երբեք մի ծաղիկ չի դրել իրենց որդիների շիրիմներին, չի օգնել, որ գործերը բացահայտվեն: Ծնողներն ասել էին, որ դա անարդար է, քանի որ նախարարը մասնակցել է, օրինակ, դիվերսիա կանգենցրած զինվորի՝ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությանը, որին նախարարությունը հերոսացնում է:
«Տեղեկացնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ զինվորական դատախազության և մեր քննչական մարմինների հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով, որը բոլոր այդ դեպքերը քննարկում է, և մինչև հիմա երեք դիմում է եղել։ Ես կառաջարկեի դիմել այդ հանձաժողովին: Կարող եք միացնել բոլոր հեռուսատեսությունները, կայքերը և կտեսնեք, թե որքան եմ ես այցելում տարբեր պանթեոններ, Եռաբլուր, որքան եմ իմ մարտական ընկերների շիրիմին ծաղկեպսակներ դրել, խոնարհվել, համբուրել, վառ պահել նրանց հիշատակը: Մի՞թե Պաշտպանության նախարարը կարող էր ամեն տեղ լինել։ Իհարկե՝ ոչ։ Չգիտեմ որտեղ պետք է լինեմ, թող ինձ ասեն՝ որտեղ լինեմ, գնամ այնտեղ իրենց հետ»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Լուսանկարը՝ mil.am