Երևանի քաղաքապետը կոնկրետ պատասխաններ չի տվել ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հարցերից 2-ին։ Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Բախշյանը գրությամբ դիմել էր Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված դրոշների ձեռքբերման վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1. ինչպիսի՞ գնման ընթացակարգով է իրականացվում դրանց ձեռքբերումը, ովքե՞ր են մատակարարները.
2. դրոշների գնման պայմանագրերի պատճենները.
3. որքա՞ն է կազմում մեկ դրոշի գինը՝ ըստ չափերի և որակի.
4. ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին որքա՞ն գումար է նախատեսված եղել դրոշների ձեռքբերման համար ու համապատասխանաբար որքա՞ն գումար է ծախսվել 17.12.2013թ. դրությամբ.
5. որքա՞ն դրոշ է գնվել 17.12.2013թ. դրությամբ՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին.
6. որքա՞ն է կազմում մեկ դրոշի օգտագործման միջին ժամանակահատվածն՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին:
Նշենք, որ Երևանի բյուջեից դրոշների գնման համար 87 միլիոն դրամ է ծախսվելու։
Բախշյանի հարցերին ի պատասխան Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձից ստացվել է գրություն, որում, մասնավորապես նշվում է, թե Երևանի 2013թ. բյուջեով «Դրոշների տեղադրում» ծրագրով 2013թ-ի համար ձեռք է բերվել 15200 հատ 1մ x 2մ չափի, 800 հատ 1,5մ x 3մ չափի և 1,8մ x 3,6մ չափի ՀՀ դրոշներ, որոնց ձեռքբերման գները համապատասխանաբար կազմել են մեկ հատի համար 1425, 2350 և 3650 ՀՀ դրամ:
Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ձևավորում» ՓԲԸ-ն: Պայմանագրի գինը կազմել է 24 միլիոն 989 հազար դրամ:
Նամակում նշվում է, որ Երևանում մեկ դրոշի օգտագործման ժամանակահատվածը կազմում է 15-20 օր և կախված եղանակային պայմաններից՝ փոխվում է ամիսը մեկ կամ երկու անգամ, որի արդյունքում պահպանվում է ՀՀ դրոշի պատշաճ տեսքը:
«Փաստացի, ինչպես տեսնում ենք, 4-րդ և 5-րդ հարցերին կոնկրետ պատասխաններ չեն տրվել: Միայն նշվել է, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գերատեսչական շենքերի, դպրոցների, մանկապարտեզների դրոշների փոփոխման գործընթացի ընթացքում օգտագործվել է վերը նշված ծրագրով նախատեսված 24,989 մլն գումարի շրջանակներում ձեռք բերված ՀՀ դրոշները», – նշված է «Բարև Երևան» խմբակցության տարածած հայտարարության մեջ: