«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը, շնորհավորելով Հայաստանի բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ, ափսոսանքով արձանագրում է, որ ներկա ռեժիմի պայմաններում բանակը ներքաշվել է քաղաքականության մեջ, դարձել ընտրակեղծարարության, ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք։
Տարածած հայտարարության մեջ ՀԱԿ-ը նշում է, որ 2008թ. մարտի 1-ին, ժողովրդավարական բողոքի ալիքի` մարդկային զոհերի հանգեցրած ճնշման ընթացքում, սահմանադրության կոպիտ խախտմամբ, բանակը ռեժիմի կողմից որպես գործիք օգտագործվեց սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների դեմ։
«Դա մի կողմից՝ ծանր հարված էր բանակի հեղինակությանը, մյուս կողմից՝ նրա բարոյական հոգեբանությանը, ինչը կարևոր այս կառույցում խորացրեց կոռուպցիան, հաճախադեպ դարձրեց ինքնիրավչությունը, կանոնակարգային խախտումները՝ հանգեցնելով բանակի մարտունակության անկմանը և հաճախադեպ ցավալի զոհերի։
Հայ Ազգային Կոնգրեսը պայքարել ու պայքարելու է ինչպես պետական մյուս կառույցների, և առաջին հերթին բանակի՝ սահմանադրորեն և օրենքներով սահմանված գործառույթներին վերադարձնելու, նրա նախկին հեղինակությունն ու համբավը վերականգնելու համար։ Դրա միակ ճանապարհը շարունակում է մնալ իշխող ավազակապետական ռեժիմի հեռացումը, օրինակարգ իշխանության հաստատումը, սահմանադրական կարգի վերականգնումը», – մասնավորապես, նշում են հայտարարության հեղինակները։