Բանակի ղեկավարությունը այդպես էլ կամք չի դրսևորում` դիմելու այնպիսի բարեփոխումների, որոնք կապահովեին զինծառայողների անվտանգ և արժանապատիվ ծառայությունը ոչ մարտական պայմաններում։ Այս մասին ասված է «Բանակն իրականում» նախաձեռնության՝ Հայկական բանակի կազմավորման տարեդարձի առթիվ տարածած հայտարարության մեջ։
Շնորհավորելով զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ անցած տարում բանակում զգալի հետընթաց է արձանագրվել։
«Եթե 2013-ի տարեսկզբին պաշտպանության նախարարը խոստացավ հրաժարվել «բանակը հասարակության հայելին է» և «այլ երկրներում էլ բանակները լավ վիճակում չեն» արդարացումներից, ապա 2014-ի տարեսկզբին նախարարը նահանջում է հին դիրքերին` պայքար հայտարարելով «չարաճճի» տղաների դեմ, փոխանակ այդ ջանքերը ներդնելու իր ենթակայությամբ գործող հանցավոր «չարաճճիությունները» վերացնելու գործում։
Եթե անցած տարում Ազգային ժողովը բազմակողմանի և անհրաժեշտ լսումներ անցկացրեց զինված ուժերի գործունեության վերաբերյալ, ապա նույն այդ Ազգային Ժողովը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատեց զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին, ում ղեկավարությամբ պարտակվել են զինված ուժերում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործություններ և հանցագործներ` դեպքերի ականատեսներին խոշտանգումների և ճնշումների ենթարկելու, ստի և կեղծիքի, արդարություն որոնող ընտանիքների առողջության գնով։ Նրա «թեթև ձեռքով» սպանությունները որակվել են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, կեղծ մեղադրանքներով ազատազրկվել են ոչ թե հանցագործները, այլ մարդիկ, ովքեր հանցագործության հետ կամ ոչ մի կապ չեն ունեցել, կամ գլխավոր դերակատարները չեն եղել։ Նրա անձնական միջամտությամբ ազատության մեջ հայտնվեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա որդին, ում տան մոտ փոխհրաձգության ժամանակ եղբորը կորցրած գնդապետ Արտակ Բուդաղյանին Կոստանյանը չվարանեց հանձնել։
Զինդատախազության (ինչպես նաև նրան օժանդակ ՀՀ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության) գործունեության հետևանքով բանակում ամրապնդվում է անպատժելության մասին համոզմունքը, և հետևաբար ծաղկում է հանցավորությունը։ Ցավոք, ՀՀ դատական ատյանները բազմակողմանի և լիարժեք քննության փոխարեն հաստատում են զինդատախազության բերած շինծու մեղադրանքները, ինչը հաստատուն կերպով շարունակվեց անցած տարում։
Եթե 2013-ին արձանագրվել է 31 մահվան դեպք, ապա 2014–ի հունվարը դեռ չի ավարտվել, բայց հայկական բանակն արդեն երեք զոհ է տվել, որից մեկը` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, իսկ մյուս երկուսը` առողջական խնդիրների հետևանքով։ Նոր միտում է նշմարվում` այս մահերը և նորակոչիկների առողջական խնդիրները բարդել «կայծակնային» զարգացող հիվանդությունների վրա։ Մինչդեռ, զորակոչի ժամանակ բազմաթիվ հաղորդումներ են եղել այն մասին, որ նորակոչիկները ժամերով սպասեցվում են դրսում` ձմեռային ցրտաշունչ եղանակին, որ նրանց ինքնազգացողության վատթարանալն անտեսվում է` «սիմուլյանտության» մեղադրանքով, չի տրամադրվում պատշաճ բուժօգնություն, մտահոգիչ տեղեկություններ են հայտնի դարձել բուժման ենթակա զինվորներին բռնության ենթարկելու մասին։ Ավելին, պաշտպանության նախարարի խոստովանությամբ, իր կարգադրությամբ է, որ զորակոչվում են նույնիսկ հիվանդ զինվորները նախ՝ հոսպիտալ, ապա` ծառայության, ուստի նախարարն անմիջական պատասխանատվություն է կրում զինվորների առողջության համար», – նշված է հայտարարության մեջ։
Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ նախկին զինծառայողների ու ազատամարտիկների սոցիալական չլուծված խնդիրները նրանց փողոց էին հանել՝ տևական նստացույցի:
«Խնդիրների լուծման համար ուղիներ որոնելու փոխարեն իշխանությունները փորձեցին լռեցնել բողոքի ձայնը` ձերբակալելով Վոլոդյա Ավետիսյանին: Անազատության մեջ են հայտնվել նաև այլ ազատամարտիկներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հանուն ՀՀ ինքնիշխանության ու Մաքսային միությանը ՀՀ անդամակցության դեմ։ Սա բացասական տպավորություն է ստեղծում զինվորական ծառայության համար ստանալիք վարձի հեռանկարների մասին։
Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների գործելաոճը բանակում, որը ճակատագրական է դառնում շատ զինծառայողների համար։ Գտնում ենք, որ արմատական բարեփոխումները ծայրահեղ հրատապ են և պահանջում են կադրային արմատական փոփոխություններ ու արմատապես նոր մոտեցումներ` հաշվի առնելով անկախ փորձագետների և քաղաքացիական հասարակության առաջարկներն ու տեսակետները», – եզրափակում են հայտարարության հեղինակները։
Լուսանկարում՝ բանակում զոհված զինվորների մայրերը նախագահականի մոտ բողոքի ակցիայի ժամանակ