«Ռուսաստանն այսօր» մեդիահոլդինգի ղեկավար Դմիտրի Կիսելյովի կողմից Երևանում բացած «Գրիբոյեդով» ակումբի հավաքներից մեկին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ ակումբի հավաքները կազմակերպվում են երևանյան էլիտար ռեստորաններում։ Հավաքների ժամանակ այդ ռեստորանները փակվում են, իսկ Կիսելյովը մեծ գումարներ է վճարում։
Ակումբի մասին թերթին որոշ մասնրամասներ է ներկայացրել ակումբի անդամ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով հերքել է թղթակցի դիտարկումը, թե այդ ակումբը գործում է գաղտնի, կամ առնվազն կիսագաղտնի ռեժիմով։
«Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքներին պահվել է գաղտնի։ Ի՞նչ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարը, ի՞նչ է ասել, ի՞նչ հարցերի է պատասխանել, ո՞ր թեման է հատկապես հետաքրքրել «գրիբոյեդովականներին», ինչո՞ւ են նրան հրավիրած եղել…։ Սրանք զուտ սպորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր չեն։ Խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի մասին է։ Անձ, ով ի պաշտոնե պետական գաղտնիք կրող է։ Ու վերջինս մասնակցում է մեղմ ասած մի անհասկանալի ակումբի աշխատանքների, մի քանի ժամ ինչ-որ բաներ է խոսում, հարցերի պատասխանում, կոնյակ ըմպում և այդ մասին ոչ մի տեղ բացարձակապես ոչ մի տեղեկատվություն չկա», – գրում է թերթը։
«ՀԺ»-ն ընդգծում է, որ ակումբի կայքում՝ griboedoff.net, ակնարկ անգամ չկա, որ ակումբի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտգործնախարարը։
«Գրիբոյեդով»-ը Կիսելյովի միակ «ինտերնացիոնալ» նախաձեռնությունը չէ։ Նրա հիմնադրած համանման մի ակումբ էլ գործում է Ուկրաինայում՝ «Սկովորոդա» անունով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում