Սերժ Սարգսյանը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով մեկնում է Չեխիա:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սարգսյանի ու Զեմանի առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, ինչպես նաև Սարգսյանի և Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Նրանք կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին:
Պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: