Home / Հայաստան / Գերհնարավորություններով օժտված հայ գերին․ ադրբեջանցի բլոգերները հեգնում են

Գերհնարավորություններով օժտված հայ գերին․ ադրբեջանցի բլոգերները հեգնում են

Ադրբեջանալեզու ինտերնետային կայքերում և բլոգերում լայնորեն տարածվում է Հայաստանի քաղաքացի՝ հունվարի 28-ին Ադրբեջանում գերի ընկած 76-ամյա Մամիկոն Խոջայանի՝ «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով փոփոխված լուսանկարը։

Բլոգերների հեգնանքը, ենթադրաբար, պայմանավորված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «կարճ հրաձգությունից հետո նախանջող թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի 65-ամյա զինված ու վիրավոր խմբավարի» գերեվարման մասին հայտարարությամբ։ Ավելի ուշ ադրբեջանցի լրագրողները պարզել են, որ «դիվերսանտին բացահայտել ու գերեվարել են Ադրբեջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները»։ Իսկ ահա Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ հայկական գյուղի գյուղապետը հայտնել է, որ Ադրբեջանում գերի է ընկել իրենց գյուղի 76-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանը, ով, գյուղապետի խոսքով, հոգեկան խնդիրներ ունի ու գրանցված է հոգենյարդաբանական դիսպանսերում։

Իրենց հերթին, բլոգերները գրում են, որ ծերունու կերպարի ու նրա մաշված հագուստի հետևում «իրականում թաքնված են հատուկ գործակալի գերհնարավորություններ ու հատուկ միջոցներ»․

– գլխում ունի 2․44 գեգահերց հզորությամբ պրոցեսոր, 1 տերաբայթ օպերատիվ հիշողություն ու 17 գիգաբայթ հզորությամբ վիդեո քարտ

– ականջում տեղադրված է ունիվերսալ թարգմանիչ

– վզի մոտ՝ կլիմատ-կոնտրոլ համակարգ

– հրակայուն տաբատն ի վիճակի է ժամում 220 կմ արագություն զարգացնել

– աչքերը հագեցած են գիշերային տեսողության ու հակակուրացման համակարգով՝ պատկերի 241 մեգապիքսել ընկալմամբ ու 48 անգամ խոշորացման հնարավորությամբ

– հագին ունի զրահապատ բաճկոն

– հատուկ՝ «Հողաթափիկ» տեսակի ձեռքի նռնակներ՝ նախատեսված ծանր հրետանու դեմ պայքարի համար։

a_spy

Հիշեցնենք, որ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն սահմանամերձ հայկական գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի, ով հունվարի 28-ին գերի է ընկել Ադրբեջանում։

Ակցիայի պոտենցիալ մասնակիցները կարող են էլ․ փոստով կամ կապի այլ միջոցներով իրենց անունից միջնորդագրի տեքստն ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

khojayan1

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՋԱՅԱՆԻ

Ես մտահոգված եմ Հայաստանի քաղաքացի՝ Տավուշի մարզի Բերդի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի ճակատագրով։ Խոջայանին հունվարի 28-ին գտել են Ադրբեջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներն ու հանձնել զինվորականներին։

Ես հիմքեր ունեմ մտածելու, որ Մամիկոն Խոջայանը սահմանը պատահմամբ է հատել, ու դա հնարավոր է դարձել երկու պետությունների Զինված ուժերի՝ շփման գծին ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու պատճառով։

Պահանջում եմ (կամ «խնդրում»՝ կախված Ձեր քաղաքացիությունից) ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումներն ու Խոջայանին արագ կերպով վերադարձնել իր հայրենի գյուղ։

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով,

Անուն Ազգանուն