Home / Հայաստան / Պետծառայողները կարող են բնակարան ստանալ․ գինը՝ 1 քմ-ի համար մինչև 300 հազար դրամ

Պետծառայողները կարող են բնակարան ստանալ․ գինը՝ 1 քմ-ի համար մինչև 300 հազար դրամ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին, որը վերաբերում է պետական ծառայողներին բնակարանով ապահովելուն:

«Մենք ձեզ հետ միասին երկար աշխատեցինք պետծառայողներին բնակարանով ապահովելու համար: Այսօր այդ ծրագրի մեկնարկն է, այս պահին 3500 պետական ծառայողներ ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին, մեր օրակարգում առաջարկում եմ ներառել հարցը և մանրամասն ներկայացնել մեր ծրագիրը»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ Երևանում կարճ ժամանակում շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր կկառուցվեն:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ պետծառայողների համար 1 քմ-ի գինը կազմելու է առավելագույնը 300 հազար դրամ, իսկ շենքերի կառուցման առավելագույն ժամկետը երեսուն ամիս է։ Պետական ծառայողները հիփոթեքից օգտվելու հնարավորություն կունենան։ Նոր ծրագրով զբաղվող հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նիստի վերջում Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցող պետական ծառայողների մոտ 50 տոկոսը ցանկություն է հայտնել բնակարան ստանալ Արաբկիրում, այդ իսկ պատճառով կառուցապատման առաջին փուլը մեկնարկում է հենց այդ թաղամասում։