Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության սկանդալային պաշտպանությունից հետո Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), ինչպես նաև Երևանի պետհամալսարանի պաշտպանական խորհուրդները փակվել են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ԿԳ Նախարարությունը և բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) որոշակի վերակազմավորումներ են անելու պաշպանական խորհուրդներում։
«Դա, իհարկե, Տարոն Մարգարյանի պաշտպանության հետ իրականում կապ չունի, բայց դրանից խիստ տուժելու են Աժ նախագահի և մի քանի այլ պաշտոնյաների որդիներ։
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով այնքան ուսումնատենչ է, որ միաժամանակ՝ նույն տարում, ավարտել է Երևանի պետական համալսարանը և տնտեսագիտական համալսարանը (ընդ որում՝ ստացիոնար) ու հիմա էլ պատրաստվում էր ատենախոսություն պաշտպանել պետհամալսարանում, ստիպված է լինելու մի որոշ ժամանակ սպասել իր բաղձալի նպատակի իրականացմանը», – նշում է թերթը։
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանության ժամանակ Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի ՀՀԿ-ական անդամները թույլ չէին տվել լրագրողներին դահլիճ մտնել, հայհոյել, հրել ու հարվածել էին նրանց՝ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Ոստիկանությունը երիտասարդ ՀՀԿ-ականների գործողություններում հանցակազմ չէր նկատել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում