Երևանի քաղաքապետարանը վերջին օրերին բացահայտ ահաբեկչություն է սկսել Շինարարների 15 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքում ներկա պահին բնակվող 3 ընտանիքների դեմ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է շենքի բնակչուհի Անուշ Գասպարյանը։
Վերջինիս խոսքով՝ «Երանի-Ջուր» ՓԲԸ-ին հրահանգել են կտրել շենքը մատակարարող ջրի ընդհանուր խողովակը, ապա անջատել են հոսանքը։
Նա նշել է, որ խնդիրներն առաջացել են այն ժամանակ, երբ քաղաքապետարանն ակնհայտ խախտումներով սկսել է վերաբնակեցնել շենքի բնակիչներին։
«Սիսակյան 22 հասցեում ինձ հատկացրել է պակաս քառակուսիներով բնակարան, մինչդեռ շենքի մի շարք բնակիչների ավել քմ-ով բնակարաններ է տվել։ Փաստաթղթեր կեղծելով՝ բերել, մարդկանց գրանցել է մեր շենքում, ապա վերաբնակեցրել Սիսակյան փողոցում գտնվող նորակառույցում։ Բնականաբար, փոքր բնակտարածքի պայմանները չընդունելով՝ մեր և ևս մեկ ընտանիք չի համաձայնել դուրս գալ շենքից։ Այս պահին 3 ընտանիք է բնակվում շենքում, որոնցից մեկի հետ դատական հայց ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Որպես ՀՀ օրինապահ քաղաքացիներ` ընտանիքներով որոշել ենք հարցը կարգավորել դատական ճանապարհով և պահանջելու ենք համաչափ բաշխում», – պատմել է մեր զրուցակիցը։
Գասպարյանի խոսքով՝ անգամ դատական հայցը ներկայացնելուց հետո քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքել՝ մինչդեռ, ըստ բնակչի, կարող էր «ալտերնատիվ տարբերակ առաջարկել»։
«Ես քաղաքապետարանում ասացի, որ այսինչ բնակարաններին մի անգամ բնակարան եք տվել, հետ են եկել, նորից են բնակարան ստացել։ Անշարժ գույքի վարչության պետ պարոն Ամյանն ասում է՝ «ես պարտավոր չեմ հիշել», ասում եմ ՝ դուք պետական միջոցների հետ խաղ եք անում՝ ամնեզիա ունե՞ք, ինչո՞ւ չեք հիշում։ Ամյանն իր վրայից քցեց, որ իր երեսին անընդհատ չխփենք էս ամենը, պարոն Վահե Նիկոյանը (Երևանի փոխքաղաքապետ -խմբ․) սկսեց զբաղվել, բայց չենք հասկացել՝ ինչ է անում։ Դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին։ Գրասենյակի իրավաբանները ուսումնասիրեցին խնդիրը և իրավախախտման որոշում կայացրին», -ասել է մեր զրուցակիցը։
Վերջինս ընդգծել է, որ վերը նշվածը բավական չէ, փետրվարի 4-ից քաղաքապետարանը անցել է բացահայտ ճնշումների՝ «ամեն գնով փորձում է ազատել շենքը երեք ընտանիքներից»։
«Ամսի 4-ին կտրեցին ջրի խողովակը, որ ստիպված լինենք շենքից դուրս գալ, մեզ պարտադրում են գնալ այստեղից։ Զանգեցինք «Երևան-Ջուր», ասում են՝ քաղաքապետարանի հրահանգն է։ Հաշվի չեն առնում, որ հարևանս հաշմանդամ ծնող ունի՝ երկու ոտքերը կտրած, անկողնային վիճակում է, երեք մանկահասակ երեխաներ ունի, ես էլ գտնվում եմ ծանր հետվիրահատական շրջանում։ Ավելացնեմ՝ մեր շենքում գործող սննդի խանութ կա, որը առանց ջուր աշխատում է, հարցնում ենք, թե ո՞նց են նման իրավիճակում աշխատում, պատասխանում են՝ «քաղաքապետարանից ասել են՝ շենքի բնակիչներին հանենք, ձեզ ջուր կտանք»։ Երեկ էլ մի 15 ոստիկաններով, թաղապետարանի աշխատակիցներով ու բանվորներով եկել են, ներքև իջա, ասում եմ՝ ինչի՞ եք եկել, պատասխանում են՝ «եկել ենք, որ ազատեք շենքը»։ Ամենաշատը մեզ ջղայնացնում են սրանց մեթոդները, հոգեբանական ճնշումները», -նշել է Գասպարյանը։
Վերջինիս խոսքով՝ անկախ ճնշումներց, իրենք չեն պատրաստվում լքել բնակարանները, ավելին՝ պատրաստվում են նամակ հղել Սերժ Սարգսյանին ու իրազեկել ապօրինությունների վերաբերյալ։