Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը մեծապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից։ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերրին։ «Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։ Սակայն այս բախումը լուծում չի բերի, քանի դեռ չեն բախվել ցամաքային ուժերը»,- նշել է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ կողմերը հավանաբար ուզում են սկսել կարճ մի պատերազմ՝ ուժի մեջ դնելով հեռահար զենքեր, սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ «Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար պատերազմը շատ ավելի դաժան պիտի լինի։ Այսինքն՝ կողմերը պիտի անցնեն մեկը մյուսի սահմանները, գրավեն տարածքներ, դառնան քաղաքացիական զոհերի պատճառ։ Ես կասկածում եմ, որ ռազմական նման բախումը կհանգեցնի քաղաքական լուծման»,- ասել է Մերրին։
Նրա խոսքով՝ կողմերը չունեն ռազմական նույն կարողություննեը, սակայն չունեն նաև ռազմական նույն հմտությունները, և այդ առումով պատերազմը չի կարող ունենալ վճռական մեծ նշանակություն որևէ կողմի համար։ «Ավելին, կարող է մեծ պարտություն լինել երկուսի համար էլ»։
Վերլուծաբանը նշել է, որ հայերը կարծում են՝ պատերազմը կլինի կարճ, և իրենք հեշտ կհաղթեն։ Սակայն հայկական կողմը թերագնահատում է Ադրբեջանի ռազմական կարողությունների ծավալը։ Ադրբեջանի քաղաքական վերնախավն էլ մեծ վստահություն է տածում ռազմական բնագավառում իր ներդրումների նկատմամբ։
«Սակայն զգուշացնում եմ նրանց, որ բարձր տեխնոլոգիական զենքերը նույնը չեն, ինչ ռազմական կարողությունները։ Ադրբեջանի ղեկավարությունը գերագնահատում է ռազմական իր կարողութունները, իսկ հայերը՝ Ադրբեջանի՝ ռազմական բնագավառում բարելավումները»,- ասել է Ուեյն Մերրին։