«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երեկ հանդիպել է երկաթուղու աշխատակիցներից 20-ի հետ, ովքեր բողոքում էին ՀԿԵ-ի աշխատողներից կենսաթոշակային պարտադիր վճարը գանձելու դեմ : Վիկտոր Ռեբեցըն ասել է՝ «գնացեք, ձեր կառավարությունից բողոքեք», «եթե մենք պահումը չանեինք, մեզ կտուգանեին»:
Այս խոսքերը Epress.am-ին փոխանցել է հանդիպմանը ներկա ՀԿԵ-ի աշխատակից Համլետ Գրիգորյանը: Նշենք, որ աշխատակիցների և ընկերության գլխավոր տնօրենի հանդիպումը փակ է եղել լրագրողների համար:
«Մեզ տնօրեն ասեց՝ այն, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի երկու հոդվածը, չի նշանակում, որ ՍԴ-ն ազատել է գործատուին հարկատեսակը մուծելու պատասխանատվությունից»,- ասել է Գրիգորյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ աշխատակիցները հանդիպումից հետո քննարկել են և որոշել, որ կհետևեն Ռեբեցի առաջարկին, այսինքն՝ կգնան մեր կառավարությունից բողոքելու:
Գրիգորյանն ասել է, որ այժմ իրենք քննարկում են՝ արժի դիմել Տրանսպորտի և կապի նախարարությանը, թե հանդիպում պահանջել Կառավարությունից, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Երկաթուղու աշխատակիցները պատրաստվում են իրենց հաջորդ ակցիայի մասին տեղեկացնել ԶԼՄ-ներին: