«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը պատշաճ կազմակերպելու համար 5 միլիոն դրամի աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է Գյումրու քաղաքապետարանին, տեղեկացնում է asparez.am կայքը: Փառատոնի համանախագահն է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը:
Փառատոնի նախաձեռնող, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը «Ասպարեզի» հետ զրույցում նշել է, թե փառատոնի նախաձեռնման և անցկացման 6 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ նման խնդրանքով իրենք դիմել են քաղաքապետարան, իսկ թե ինչ որոշում կկայացվի՝ արդեն համայնքի գործն է: Ավդալյանը նկատել է, որ փառատոնի անցկացման ընթացքում ամեն տարի Գյումրի է գալիս մոտ 3000 մասնակից, ժյուրիի շուրջ 80 անդամ, ովքեր Գյումրիում մնալու ընթացքում օգտվում են հյուրանոցներից, սպասարկման օբյեկտներից ու դրանով իսկ մեծ օգուտ բերում Գյումրուն, բայց մինչ օրս ոչ մի օգնություն որևէ մեկից չի եղել:
«Ասպարեզը» նշում է, որ Գյումրու ավագանին 2014-ի բյուջեի քննարկման ժամանակ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով տարվա համար հատկացրել է 9 մլն դրամ, որից 5 մլն-ը, փաստորեն, առաջարկվում է հատկացնել «Վերածնունդ» ՀԿ-ին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը asparez.am-ում հրապարակած իր հոդվածում նշում է` այդպիսով Գյումրիում գործող ավելի քան 50 հասարակական կազմակերպություններին և այլ շահույթ չհետապնդող ոչ իշխանական կառույցներին մնում է առավելագույնը 4 մլն դրամ` ամբողջ մնացած տարվա համար։
«5 մլնի նվիրատվութունը հաստատելու դեպքում հետաքրքիր իրադրություն է առաջանալու տարվա ընթացքում մյուս համանման դիմումատուների հետ կապված, ասենք` 10 ՀԿ դիմում է մեկական միլիոնանոց բավականաչափ ուշագրավ գաղափարների իրականացման համար, մերժումնե՞ր են ստանալու, պատասխանելու են փող չկա՞, եթե ոչ` որտեղից են հատկացնելու, չի ստացվելո՞ւ, որ համայնքի հասարակական կազմակերպություններին թողած, դրսի կազմակերպություններին է ֆինանսավորում Գյումրու բյուջեն: Իսկ պատահե՞լ է, որ Երևանի բյուջեից Գավառի կամ Վանաձորի ՀԿ գործունեություն ֆինանսավորվի: Չի պատահել, իհարկե:
Խնդրարկուի մասին. Լևոն Սարգսյան` Սերժ և Սաշիկ Սարգսյանների եղբայրը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահն է: Հատկանշական է, որ այդ հիմնադրամը 2011 թվին ունեցել 742,5 մլն դրամի նվիրատվություն, առավելագույն նվիրատվությունները` 109,9 մլն դրամ` Kaiqi Group Co LTD-ից, 98,8 մլն դրամ` Ningbo Kelsun Inil Co-ից, 71,5 մլն դրամ` Nanjing Wande play facilities-ից, 58,6 մլ դրամ` Mebs global reach Lc-ից և այլն։ Ընդամենը 38 նվիրատու, նվիրատվության միջին գումարը` մոտ 19,5 մլն դրամ: Նվիրատուների ցանկում տեղական և արտասահմանյան ընկերություններ, բանկեր և անհատ մեծահարուստներ: Այս ցանկում միակ նվիրատու համայնքը Գյումրին է` 1,15 մլն դրամ: 2012 թվականին` «Փյունիկ» հիմնադրամը ունեցել է Գյումրու բյուջեին ամբողջությամբ համադրելի եկամուտ տարբեր նվիրատուներից՝ 2,893 մլրդ դրամ, որի խոշոր նվիրատուներն են եղել Kaiqi Group Co LTD-ը` 851,9 մլն դրամ, Երևան Հիմնադրամը` 541,9 մլն դրամ, Ղանբերջի Կաբրելը` 389,4 մլն դրամ, First telecom trading-ը` 121,9 մլն դրամ, Good prom.enterprise Ltd-ը` 83,6 մլն դրամ և այլն: Նվիրատուների ընդհանուր թիվը 48 է (չհաշված նվիրատուների մի խմբի, որոնց անունները մեզ անհայտ են, որոնք նվիրել են ընդհանուր առմամբ 389,4 մլն դրամ): Նվիրաբերված միջին գումարը կազմում է 52,1 մլն դրամ:
«Փյունիկ» հիմնադրամի 2011թ., ծախսերում բարեգործություն և օգնություն կա` 58,9 մլն դրամ, նյութական աջակցություն ապրանքային տեսքով` 722,2 մլն դրամ, փառատոնների կազմակերպում և տրանսպորտային ծախս` 6,8 մլն դրամ, իսկ 2012-ին` ֆինանսական աջակցություն` 602,9 մլն դրամ, փառատոնների կազմակերպում և տրանսպորտային ծախս` 41,5 մլն դրամ, բարեգործություն և օգնություն` 456,2 մլն դրամ, նվիրատվություններ` 28 մլն դրամ և այլն:
Հետաքրքիր բան է ստացվում, մարդը, որ այսպիսի հիմնադրամի նախագահն է, նամակով դիմում է Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկին՝ խնդրելով 5 մլն դրամ հատկացնել մի հասարակական կազմակերպության: Այս թվերն ուսումնասիրելուց հետո զարմանալի չէ՞, որ իր հիմնադրամից «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությանը օժանդակելու փոխարեն Լևոն Սարգսյանը դիմում է Գյումրի քաղաքին: Էլ չենք խոսում իր մեծահարուստ եղբայրներին նույն խնդրով դիմելու հնարավորության մասին», – գրում է Լևոն Բարսեղյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ asparez.am
Լուսանկարը՝ imgyumri.blogspot.com