«Հայաստանի ավտոներկրողների միություն» ՀԿ-ն դեմ է Մաքսային Միությանը, քանի որ ՀԿ-ի ներկայացուցիչները մտավախություն ունեն, թե կարող են զրկվել իրենց աշխատանքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Մտնել ՄՄ և անմիջապես թանկ մաքսային վճարներ ընդունելը և՛ վախեցնում է, և՛ մտահոգում։ Ռուսաստանի կառավարությունը դեռևս 2006 թվականին է իր քաղաքացիներին զգուշացրել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից թանկանալու են ներկրված մեքենաների մաքսազերծման գները։ ՌԴ-ն 8 տարի ժամանակ է տվել իր քաղաքացիներին, իսկ մեզ մտահոգում է այն, որ տարեվերջին արդեն ԱԺ-ն կարող է վավերացնել [մաքսատուրքերի թանկացման մասին օրենքը]։ Փաստորեն, մեզ մնում է 8-9 ամիս և հանկարծակի գալու ենք այն վիճակին, որ ամեն ինչ կտրուկ թանկանալու է», – նշել է բանախոսը։
Նրա խոսքով՝ եթե այսօր x մեքենան մաքսազերծվում է 1200 դոլարով, ապա հաջորդ տարի նույնը արվելու է 4-5 անգամ ավել՝ 6000-ից մինչև 9000 դոլար։
«Խնդրում ենք կառավարությանը բանակցություններում բարձրացնել ավտոներկրողների հարցը և գոնե 5 տարի ժամանակ տան, մինչև Հայաստանում կհաղթահարվի աղքատությունը», – ասել է Հովհաննիսյանը։
Վերջինս նշել է, որ այսօր իրենք բավարար գումար չունենալու պատճառով չեն կարողանում ձեռք բերել թարմ տարեթվով մեքենաներ, իսկ նոր մաքսատուրքերի դեպքում խնդիրն էլ ավելի կբարդանա, բացի դա, բնակչության գնողունակությունն է նվազում, ինչը վնասելու է ավտոներկրողներին, որոնցից շատերը կարող են կորցնել աշխատանքը։
«Սա ոչ միայն մեր միությանն է վնասելու, այլև յուրաքանչյուր քաղաքացու, ով փորձելու է մեքենա ձեռք բերել։ Ի՞նչ անեն այն հազարավոր ընտանիքները, որոնք մնալու են առանց աշխատանքի», – նշել է Հովհաննիսյանը։