Մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ ոստիկանության ղեկավարությանը՝ պահանջելով ծառայողական քննություն սկսել և պարզել ՀԱԿ ակտիվիստների և լրագրողներ Անի Գևորգյանի (լուսանկարում) և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կիրառված ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի և նրա ենթակաների գործողությունների համաչափությունը, ինչպես նաև որոշելու նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը։
Հայտարարությունը ստորագրել են «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ն, «Երևանի մամուլի ակումբ»-ը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ն:
«Լրագրողը և օպերատորը պողոտայում էին գտնվում՝ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից իրազեկման թռուցիկներ բաժանելը լուսաբանելու նպատակով։ Երբ այնտեղ ընդհարում է տեղի ունեցել ակտիվիստների և նրանց ակցիան խափանող մի խումբ երիտասարդների միջև (վերջիններիս թվում էին երիտասարդ ՀՀԿ-ականներ, Հայաստանի Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն ու անդամը), դեպքի վայր ժամանած ոստիկանները, միջադեպի մասնակիցներին բերման ենթարկելիս, փորձել են Անի Գևորգյանի և Սարգիս Գևորգյանի ձեռքերից խլել տեսախցիկները։ Քանի որ վերջիններս համառություն են ցուցաբերել և չեն տվել իրենց սարքերը, նրանց նույնպես բերման են ենթարկել։ Անի Գևորգյանի խոսքով` մեքենայի մեջ ոստիկանները շարունակել են հարվածել իր ձեռքերին։ Իսկ արդեն Կենտրոնի բաժնում քաղաքացիական հագուստով մի անձ (լրագրողի վկայութամբ` հենց այդ բաժնի պետ Արտակ Պողոսյանը), նկատելով, որ Անի Գևորգյանը հեռախոսով հարցազրույց է տալիս, ապտակել է նրան ու ձեռքից խլել հեռախոսը։ Մեկ այլ սենյակում մի քանի ոստիկան, հայհոյանքներ հնչեցնելով, ուժ են կիրառել օպերատոր Սարգիս Գևորգյանի նկատմամբ։ Ավելի ուշ, անտեսելով փաստաբան հրավիրելու պահանջը, և՛ լրագրողին, և՛ օպերատորին խուզարկության են ենթարկել, վերցրել-տարել են տեսախցիկները, իսկ երբ վերադարձրել են, պարզվել է, որ նկարահանված կադրերը ջնջված են։ Անի Գևորգյանն ու Սարգիս Գևորգյանն ազատ են արձակվել երեկոյան 22:30-ի մոտակայքում»,- ասված է հայտարարության մեջ։
ՀԿ-ներն ավելացնում են, որ վերջին տարիներին հաճախադեպ են դարձել հենց ոստիկանների կողմից լրագրողների իրավունքների խախտումները, նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտելը։ Տեքստի հեղինակները կոչ են անում իրենց հայտարությունը համարել հաղորդում հանցագործության մասին և քննել տեղի ունեցածը:
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից