Home / Հայաստան / Էրդողանի որդուն հարցաքննել են կոռուպցիոն սկանդալի գործով

Էրդողանի որդուն հարցաքննել են կոռուպցիոն սկանդալի գործով

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, այս շաբաթ ցուցմունք է տվել երկրում մեծ աղմուկ բարձրացրած կոռուպցիոն սկանդալի գործով: Այդ մասին երեկ հաղորդել է «Հուրիեթ» օրաթերթը։

«Հուրիեթ»-ի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը թերթի կայքում գրել է, որ նա այդ տեղեկատվությունն ստացել է գործարար Ալի Աղաօղլուից, ով 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բռնկված կոռուպցիոն սկանդալի գործով բերման էր ենթարկվել ու այնուհետև ազատ արձակվել։

«Ես սեփական որդուս չէի ուղարկի այդ դատախազներին ցուցմունք տալու։ Բայց դատախազները փոխվել են, իսկ Բիլալ Էրդողանը ցուցմունք է տվել»,- Աղաօղլուի խոսքերն է փոխանցում սյունակագիրը։

«Բիլալ Էրդողանը դատարան է ներկայացել փետրվարի 11-ին։ Նա շենք է մտել հիմնական դռնից՝ ինչպես բոլոր քաղաքացիները, ու դատարանում հանդիպել իր փաստաբաններին»,- գրում է Օզքյոքը։

Էրդողանի փաստաբանը՝ Ահմեդ Օզելը, նույնպես հաստատել է այս փաստը՝ նշելով, որ իր պաշտպանյալը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։

Օզելի խոսքով՝ Էրդողանը մանրամասն պատասխաններ է տվել հետաքննության վերաբերյալ դատախազների հարցերին։ «Իմ հաճախորդին վերագրվող մեղադրանքներն ամբողջովին բաղկացած են վերացական ենթադրություններից ու մեկնաբանություններից։ Ակնհայտ է, որ Էրդողանն այսպիսի անհիմն մեղադրանքների է արժանացել իր հայտնի լինելու պատճառով՝ հասարակության կարծիքի վրա ազդելու համար։ Նրան կասկածի տակ դնելու նպատակը քաղաքական է, իսկ այդ ընթացքում խախտվել են արդարադատության հիմնարար սկզբունքները»։

Փաստաբանը նաև նշել է, որ վարչապետի որդու դեմ ապացույցներն ապօրինի կերպով են հավաքվել․ «Որևէ կոնկրետ ապացույցի բացակայության դեպքում Էրդողանին դատապարտելն ու լինչի դատաստանի ենթարկելը հարված է օրենքին, մարդկային արժեքներին ու տարրական իրավունքներին ու ազատություններին»։