Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաև անցյալ տարի կալանավայրից ազատ արձակված ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն (լուսանկարում) ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, գրում է «Ժողովուրդը»։
Թերթի հետ զրույցում Մարգար Օհանյանը նշել է, որ հրավիրատոմս էր ստացել ԵԿՄ-ից։
«ԵԿՄ-ն, ինձ թվում է, հասարակական կազմակերպություն է բոլորիս համար։ Ի՞նչ, Ձեզ թվում է՝ առանց հրավերի կարո՞ղ էի գնալ այնտեղ», – ասել է Օհանյանը։
Թերթի այն հարցին՝ ի՞նչ առնչություն ունի Օհանյանը ԵԿՄ-ի հետ և ինչո՞ւ էր նա հրավիրատոմս ստացել, եթե չէին հրավիրվել բազմաթիվ ազատամարտիկներ, ՃՈ նախկինը պետն ասել է․
«Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ, եղավ։ Ես ասելու բան չունեմ։ Արդեն ասացի, որ հրավիրատոմս ստացել եմ, իսկ մինչև հրավիրատոմսն էլ զանգել հարցրել են, ասել են՝ քաղաքում լինելու ես, ասել եմ երևի, հրավիրատոմսս բերել տվել են, ես էլ գնացել մասնակցել եմ համագումարին»։
Հիշեցնենք, որ Օհանյանը 2012 թվականի մայիսի 30-ին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել առանձնապես խոշոր չափի վառելիք յուրացնելու մեղադրանքով: Նա անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից և ազատ էր արձակվել 2013 թվականի հոկտեմբերին։
Հովհաննես Թամամյանը 2012 թվականին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման և 2 տարի ժամկետով զրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Ազատ է արձակվել 2013 թվականի դեկտեմբերին որպես օրինակելի դատապարտյալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում