Հայաստան մատակարարվող գազի կալորեականության հետ խնդիր չկա, միակ խնդիրը գազի բարձր գինն է: Այս եզրակացությանն են եկել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ գազի որակի չափումներին մասնակցած մի քանի ՀԿ-ների ղեկավարներ:
Այսօր խոսելով չափումների մասին «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը և «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը պատմել են, որ մասնակցել են «Գազպրոմ Արմենիա»-ում անցկացված քննարկմանը, առաջարկներ են արել, մասնակցել են պատահականության սկզբունքով ընտրած մի բնակարան այցելությանը, որի ընթացքում գազի որակն է ստուգվել։
«Գազպրոմ Արմենիա»-ի շարժական լաբորատորիայի արդյունքների համաձայն՝ գազի կալորեականությունը 8200 կկալ է եղել։ Ըստ Արմեն Պողոսյանի՝ այն առնվազն 7900 կկալ պետք է լինի:
«Փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ ծուխը լինում է առանց կրակի»,- ասել է Պողոսյանը՝ նկատի ունենալով բազամթիվ բողոքներն այն մասին, թե գազի կալորեականությունը ցածր է։
«Մենք երկու պահանջ դրեցինք. առաջին՝ որպեսզի այցը կամայական բնակարան տեղի ունենա` անսպասելի բնակիչների համար: Երկրորդ՝ որպեսի գազ վերցվի և բալոնով ուղարկվի դրսում փորձաքննության: Այս երկորդ պահանջը չընդունեցին, պատճառաբանելով, թե ծախսատար է, և տեխնիկական խնդիրներ կան»,- ասել է Արմեն Պողոսյանը:
«Մեզ գազի որակը բավարարում է: Խնդիրն այն է, որ մեր երկիր գազը ավելի էժան է ներկրվում, քան, օրինակ, Վրաստան, սակայն մեր բնակիչը ավելի շատ է վճարում: Սա է հարցը, ոչ թե կալորեականությունը»,- ասել է Կարեն Չիլինգարյանը:
Չափումների արդյունքների վստահելիությունը կասկածի տակ են դրել լրագրողները։ Նրանք, մասնավորապես, հարցրել են բանախոսներին՝ արդյոք մի ընկերության հսկողության տակ գտնվող փորձագետները կարող էին այնպիսի եզրակացություն տալ, որը դեմ կլիներ այդ ընկերությանը: Արմեն Պողոսյանն ասել է, որ կասկածը տեղին է, բայց Հայաստանում միայն «Գազպրոմ Արմենիա»-ն ունի շարժական լաբորատորիա:
Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանն ավելի վաղ տեսակետ էր հայտնել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 350 հազարական դոլար արժողությամբ 3 «հրաշք սարքի» միջոցով կարողանում է գցել գազի կալորիականությունը, ավելին՝ մեթանի հետ ազոտ խառնելով՝ ավելացնում է գազի ծավալները: