Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը զգուշացնում է` բոլոր այն գործատուները, ովքեր արդեն պարտադիր կուտակային պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, բայց այդ գումարները չեն փոխանցի գանձապետարանում բացված միասնական հաշվին, կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
«Հարց է ծագում՝ եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարելու այդ հաշվին, ապա դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումարը և, կոպիտ ասած, այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում, այն դեպքում, եթե այդ գումարները փոխանցված լինեն, նույն տոկոսը, եկամուտը կստանան աշխատակիցները։ Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության. մի կողմից՝ աշխատակիցները, որոնք կարող են համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսներ, կորցրած եկամուտը ստանալու, մյուս կողմից պետությունը նույնպես լծակներ ունի, որ այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարները պահվել են, բայց գործատուն չի վճարել աշխատակցի հաշվին, ապա կա պատասխանատվության միջոց և օրենսդրական դրույթ»,- ասել է նախարարը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարարությունը և կառավարությունն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն համատեղ հաղորդագրություն են տարածել՝ հիշեցնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն»:
«Ազատության» դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանը գործատուներին վճարումներ չկատարելու պարագայում մինչև վերջնական վճռի կայացումը ազատել է պատասխանատվությունից, և այդ դեպքում ինչպե՞ս է կառավարությունը պարտավորեցնում այդ վճարումները կատարել, Դավիթ Սարգսյանը պատասխանել է․ «Ես չեմ ուզում մեկնաբանել և իրավունք էլ չունեմ մեկնաբանել ՍԴ-ի որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում։ Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև… բայց կա նաև հետևյալ հարցը, եթե գործատուն ձեզանից, ինձանից, այլ աշխատողներից գումարը գանձել է և պահել է իր հաշվին, իրավո՞ւնք ունի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե՞՝ ոչ, և արդյոք գործատուն դրա համար կրո՞ւմ է պատասխանատվություն իր աշխատակիցների առջև։ Պատասխանը այստեղ միանշանակ է՝ այո՛, կրում է նման պատասխանատվություն, և պետությունը, աշխատողների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները և, կոպիտ ասած, իրենք չստանան դրա տոկոսները, եկամուտները»։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։