Կալանքի տակ գտնվող, ծանր հանցագործության մեջ մեղադրվող երկու ամբաստանյալներ զրկված են պաշտպանության իրավուքնից, քանի որ մեղադրական եզրակացությունում նրանց գործողությունները տարանջատված չեն: Այս մասին Epress.am-ին հայտնել է խմբակային ծեծի մեջ մեղադրվող Գոռ Բարնաուսովի և Արմեն Զառաֆյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Բարնաուսովը կալանքի տակ է գտնվում 6 ամիս, իսկ Զառաֆյանը՝ 4։
Փաստաբանի խոսքով՝ քրեական գործում մեծ թվով խախտումներ են թույլ տրվել, մասնավորապես, նախնական ցուցմունքները վերցնելիս քննիչների կողմից հոգեբանական ճնշում և ուղղորդում է կատարվել Բարնաուսովի, տուժող Արմեն Պետրոսյանի, գործով վկա Գոռ Ղևոնդյանի նկատմամբ։ Տուժողի քերծվածքները որակվել են որպես ծանր վնասվածքներ և ձևակերպումը չի փոխվել անգամ դատաբժշկական երկրորդ փորձաքննությունից հետո։ Մնացականյանը նշել է նաև, որ նախաքննական մարմինը դրսևորում է անգործություն՝ պարզապես երկարացնելով ամբաստանյալների կալանքը առանց որևէ քննչական գործողություն իրականացնելու:
Փաստաբանը նշել է նաև, որ մեղադրական եզրակացության հիմք են հանդիսացել այն ցուցմունքները, որոնք տուժողը տվել է դեռևս ոչ սթափ լինելով։
Մնացականյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 1-ին: Բարնաուսովը և Պողոսյանը փողոցում տեսել են հարբած հայհոյող Արմեն Պետրոսյանին: Բարնաուսովը գլխով հարվածել է նրան և ընկերոջ հետ հեռացել, սակայն Պետրոսյանը շարունակել է հայհոյել։ Պողոսյանը հետ է վերադարձել և հարցրել՝ արդյոք իրենց հետևից է հայհոյում, և հարվածել է նրա կրծքավանդակին, մինչդեռ Բարնաուսովը չի նկատել, որ ընկերը հետ է գնացել՝ շարուանկելով ճանապարհը:
«Խմբակային ծեծ որակելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ ամբաստանյալներն ունեցել էին նախնական համաձայնություն, կանխամտածել էին ծեծը: Մինչդեռ երկու ամբաստանյալները 3-5 րոպե տարբերությամբ միմյանցից առանձին են հարվածները հասցրել: Մեղադրական որոշման մեջ նրանց գործողությունները տարանջատված չեն», -ասել է Ալվարդ Մնացականյանը:
Տուժող Արմեն Պետրոսյանը դատարանում նշել է, որ ամբաստանյալները առանձին-առանձին են հարվածել իրեն, և որ ինքը որևէ պահանջ չունի նրանցից։ Նա հիշում է, որ հարբած է եղել ու հայհոյել է:
Ըստ գործի նյութերի՝ Պետրոսյանը ցուցմունքը գրել է Շենգավիթի բաժնում, մինչդեռ, ըստ հիվանդության պատմության, նա Կենտրոնական զինվորական հոսպիտալում է եղել և դուրս չի եկել այդտեղից՝ մինչ բուժման ավարտը: