Ռուսաստանյան կողմը Հայաստանում Ռուսաստանի «ժողովրդականության անկում» չի նկատում։ «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
«Մենք ժողովրդականության որևէ անկում չենք նկատում։ Անկախ հարցումները խոսում են այն մասին, որ Հայաստանում չափազանց ուժեղ են բարեկամական զգացմունքները Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանյան «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության տվյալներով, օրինակ, հարցվածների 82 տոկոսը Ռուսաստանն ընդգրկել է բարեկամական երկրների կազմի մեջ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին հանդես է եկել 67-ից 75 տոկոսը։ Նման ցուցիչները զարմանալի չեն։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվել է 12 երկկողմանի փաստաթղթերից կազմված տպավորիչ փաթեթ, որը վերաբերում է համագործակցության բոլոր ոլորտներին։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամներ են։ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմական բազա։ Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշման հետ՝ հարաբերությունների զարգացման համար նոր հեռանկարներ են բացվում»,- նշել է Կարասինը։
Թերթը մեջբերում է 2013 թվականի վերջին Երևան կատարած իր այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում։ «Պուտինի հայտարարության կապակցությամբ՝ որքանո՞վ է իրատեսական Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքի ձևավորումը, ի հակադրություն Բաքու-Թբիլիսի-Անկարա առանցքի»,- հարցրել են Կարասինին, ինչին ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է․ «Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական «առանցքների» մասին ձեր հարցին, ապա մենք հեռանում ենք նման կատեգորիաներից։ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ, փոխշահավետ համագործակցության է ուզում հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Համապատասխան հավասարակշռությանը մենք անընդհատ ու ուշադիր հետևում ենք»։