Թուրքիայում հազարավոր մարդիկ, այդ թվում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ազգային հետախուզության տնօրեն Հաքան Ֆիդանը, մեծ թվով լրագրողներ, գիտնականներ, գործարարներ ու ՀԿ ներկայացուցիչներ, տարիներ շարունակ գաղտնալսվել են ոստիկանության կողմից։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Գաղտնալսման մասին ֆայլերը հայտնաբերվել են Ստամբուլի դատախազության գրասենյակում՝ նորանշանակ դատախազների կողմից, պնդում են «Սթար» և «Ենի Շաֆաք» պարբերականները։
«Ենի Շաֆաքը» հաղորդում է, որ, հայտնաբերված փաստաթղթերի համաձայն, ավելի քան 3064 մարդ գաղտնալսվել է ոստիկանության կողմից, մինչդեռ «Սթարը» պնդում է, որ գաղտնալսված մարդկանց թիվը, ամենայն հավանականությամբ, շուրջ 7000 է։
Զանգվածային գաղտնալսումը սկսվել է 2011 թվականին՝ հատուկ լիազորված դատախազների կողմից, ու թիրախավորել է հինգ մարդու, այդ թվում` Էրդողանին ու Հաքան Ֆիդանին։ Գաղտնալսման շրջանակը հիմնականում տարածվել է Էրդողանի մերձավոր շրջանակի վրա, մասնավորապես, նրա քաղաքական խորհրդական Յալչին Աքդողանի, մամուլի խորհրդական Լյութֆուլլահ Գյոքթաշի և Էֆքան Ալայի․ վերջինս 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բռնկված կոռուպցիոն սկանդալից հետո նշանակվել է ՆԳ նաղարար։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ գաղտնալսվող մարդկանց ցուցակը, մասնավորապես, ընդլայնվել է Գեզի այգու ցույցերից ու կոռուպցիոն սկանդալից հետո։
Գաղտնալսումը հիմնավորվել է նրանով, որ այս անձինք ենթադրյալ «Սելամ» ահաբեկչական կազմակերպության անդամներ են։
Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը մեկնաբանել է տվյալ տեղեկատվությունն ու նշել, որ այս բացահայտումները ցույց են տալիս իրավիճակի լրջությունը։
«Գաղտնալսումն իրականացրած մարդկանց համաձայն՝ մենք զուգահեռ կառույցն ենք, իսկ իրենք՝ իրական պետությունը, պետական վերահսկողությունը։ Սա միայն «Արդարություն և զարգացում» կուսակցության խնդիրը չէ։ Թիրախներ են եղել նաև գիտնականներ և լրագրողներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։