Գերբեռնված պետական կենսաթոշակային համակարգերի վրա ծերացող ազգաբնակչության և նվազող աշխատուժի ծանրակշիռ ազդեցության հետևանքով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հրատապ բարեփոխումների կարիք է զգացվում: Ինչպես հաղորդում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը, այս մասին ասված է Համաշխարհային բանկի նոր «Հակադարձվող բուրգը. կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական մարտահրավերները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում։
Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական Միության ու Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում հրապարակված զեկույցը մատնացույց է անում, որ կենսաթոշակային համակարգերի մեծ մասն արդեն «սպառել են իրենց», եթե հաշվի առնենք հատկացումներ կատարողների թվի ավելացման ոչ մեծ հնարավորությունները՝ պայմանավորված աշխատանքային տարիքի ազգաբնակչության լճացմամբ ու նվազեցմամբ:
Աշխատանքային տարիքի ազգաբնակչության թվի նվազման հետևանքով ազգաբնակչության ավանդական բուրգը, որի վերևում գտնվում են սակավաթիվ տարեցները, իսկ ներքևում մեծ թիվ կազմող աշխատանքային տարիքի քաղաքացիները, հակադարձվում է և ներկայումս բուրգի վերնամասում տեղ են գտնում ոչ մեծ թիվ կազմող աշխատանքային տարիքի քաղաքացիները, իսկ ստորին հատվածում՝ մեծաթիվ տարեցները:
«Կենսաթոշակային համակարգերն այլևս չեն կարող առատաձեռն կենսաթոշակներ խոստանալ հետզհետե ավելացող կենսաթոշակառուներին: Կյանքի սպասվելիք տևողության ավելացումը, ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը, – միջոցառման բացման ժամանակ ասաց Աղքատության նվազեցման ու տնտեսական կառավարման հարցերով համաշխարհային բանկի փոխնախագահ Անա Ռեվենգան, – Զեկույցը դիտարկում է լուծումների շրջանակը և եզրակացնում է, որ պետական կենսաթոշակային համակարգը պետք է առաջնայնություն տա բազային կենսաթոշակների ապահովմանը և միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատանքային կյանքի երկարացման ու անհատական խնայողությունները խրախուսելու ուղղությամբ»:
Զեկույցը կենսաթոշակային համակարգերի առաջ ծառացած ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու երկու հնարավոր լուծում է նախանշում. հավելյալ հարկաբյուջետային եկամուտների ձևավորում կենսաթոշակային պակասուրդը փակելու համար և համակարգին հատկացումներ կատարողների թվի ավելացում: Տարածաշրջանի երկրներում արդեն իսկ հարկային բեռը մեծ է, հատկապես աշխատանքի մասով, ուստի այստեղ կենսաթոշակային պակասուրդը լրացնելու համար հավելյալ եկամուտներ ձևավորելու փոքր տիրույթ է մնում: Եթե տարիքային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրը չսահմանափակվի միայն աշխատանքային հարկերով, ապա այդ նպատակի համար սպառողական ու գույքային հարկերից ստացվող եկամուտների գործածմամբ կարող են լրացուցիչ միջոցներ ձևավորվել, սակայն այս առումով էլ շատ երկրներ սահմանափակ հնարավորություններ ունեն:
«Զեկույցի ամենացնցող բացահայտումներից մեկն այն էր, որ հատկացում կատարողների թվի ավելացումը՝ ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավմամբ, օգնում է կենսաթոշակային համակարգին միայն կարճաժամկետ հեռանկարում, սակայն ավելի է բարդացնում իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում, երբ հարկ կլինի կենսաթոշակ վճարել ավելի մեծ թվով թոշակառուների, – ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ Օմար Արիասը, ով զեկույցի հիմնական հեղինակներից մեկն է, – ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավումը պետությունների համար կապահովի ժամանակ, որպեսզի նրանք անհրաժեշտ փոփոխություններ կատարեն կենսաթոշակային համակարգում, սակայն այդ կերպ հնարավոր չի լինի հասնել երկարաժամկետ հեռանկարում կայուն ու համարժեք կենսաթոշակների ապահովման երկակի նպատակին»:
Թեպետ լրացուցիչ եկամուտները և աշխատուժի ավելացումը թույլ կտան կարճաժամկետ հեռանկարում մեղմել անխուսափելի կենսաթոշակային բարեփոխումների բացասական ազդեցությունները, սակայն երկարաժամկետ լուծումը կարող է լինել կենսաթոշակային համակարգերի առատաձեռնության վերանայումը, որպեսզի կենսաթոշակներ վճարվեն միայն այն ժամանակաշրջանի համար, երբ մարդիկ այլևս չեն կարող աշխատել, թերևս կյանքի վերջին 15 տարիներին: 1970-ականներին սա էր ապահովվում, մինչդեռ ներկայումս շատ երկրներում միջին հաշվարկներով տղամարդիկ կենսաթոշակ ստանում են 18 տարի, իսկ կանայք 23.5 տարի:
Կենսաթոշակային տարիքի բարձրացումը և խրախուսումը, որ մարդիկ ավելի երկար աշխատեն, թույլ կտան, որ կենսաթոշակային համակարգերը ֆինանսապես առավել կայուն լինեն և ապահովեն բազային կենսաթոշակային եկամուտներ: Միջոցները, որոնցով կխրախուսվեն տարիքային բարձր խմբերի աշխատողների հետագա աշխատանքը ներառում են.
– կենսաթոշակի աստիճանական անցման հնարավորություն, օրինակ` ոչ լրիվ դրույքով աշխատելու հնարավորություն, որի ժամանակ մասնակի կենսաթոշակ կվճարվի,
– աշխատավայրի որոշ հարմարեցումներ, օրինակ՝ խոշորացույցի տեղադրում համակարգչի էկրանին կամ էրգոնոմիկ աթոռների ապահովում՝ տարիքով աշխատողների արտադրողականությունը բարձրացնելու և նրանց հարմարավետությունը ապահովելու համար,
– առավել նպատակային ներդրումներ տարիքով անձանց ուսուցման ու վերապատրաստման ուղղությամբ՝ չափահասների կրթության, վերապատրաստման ու ողջ կյանի ընթացքում սովորելու համակարգերը առավել հարմարեցնելով ծերացող մարդկանց պահանջներին:
Այնպիսի լուծումներ, որոնք կիրառելի կլինեն բոլորի համար, չկան: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ուղի է ընտրվում, երկրները պետք է սկսեն սոցիալական երկխոսություն այն մոտեցումների շուրջ, որոնք, ի հեճուկս ժողովրդագրական մարտահրավերների, տվյալ երկրի համատեքստում թույլ կտան լավագույնս պահպանել կենսաթոշակային համակարգի կարողությունը՝ երաշխավորելու բազային եկամուտ այսօրվա երիտասարդների համար, երբ նրանք հասնեն կենսաթոշակային տարիքի և ոչ այնքան բարեկեցիկ տարեցների համար: