Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը։
«Խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել։ Յանուկովիչն ու մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- գրում է Ավակովը։
Ավակովի խոսքով՝ Յանուկովիչը փետրվարի 21-ին ուղղաթիռով Կիևից մեկնել է Խարկով։ Շաբաթ՝ փետրվարի 22-ին, նա ուղևորվել է Դոնեցկի օդանավակայան, որտեղից փորձել է թռչել անձնական ինքնաթիռով, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել։ Ավակովը գրում է, որ կիրակի Յանուկովիչը ժամանել է Ղրիմ։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն ոադան որոշում էր ընդունել՝ մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Մեկ այլ որոշմամբ՝ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը։