ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում և այլևս չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է մեկ ամիս առաջ։
Թերթը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակումների, որոնք որևէ կերպ չեն հերքվել, Հարությունյանի անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ։
Հրապարակումների համաձայն, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում։ Մասնավորապես, նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին։
«Հայբիզնեսբանկից» խոշոր գումարների անհետացման գործով ձերբակալված անձանց թվում է նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը։ Վերջինս, «ՀԺ»-ի տեղեկություններով, վաճառքի է հանել իր ունեցվածքը, որը սակայն չի «ծածկում» բանկից անհետացած ողջ գումարը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում