Մի քանի օր առաջ բնապահպանության նախարարությունը կապարակնքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Պոմպակայանը սնուցում է նաև ձկնաբուծարանները, որոնք, ըստ «Հրապարակ»-ի պատկանում է Ծառուկյանին և նրա խնամի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։
«Արարատ ցեմենտ»-ի պայմանագիրը, ըստ թերթի ԲՀԿ-ական աղբյուրի, ավարտվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին։ Այժմ գործարանի ղեկավարությունը պայմանագիր կնքելու գործընթացն է իրականացնում, բայց քանի որ նոր պայմանագիրը պատրաստ չի եղել, բնապահպանները եկել-կտրել են նաև իրենց ջուրը։
Թերթը նշում է, որ մեկ օր հետո կապարակնիքը հանվել է, և ցեմենտի գործարանի ջրամատակարարումը վերականգնվել է։
«Սակայն այդ մեկ օրվա ընդհանուր կապարակնքումը շատ մեծ վնաս է հասցրել մարզի ձկնարդյունաբերությանը. ձկների մեծ մասը սատկել է՝ մեծ վնաս հասցնելով ձկան մագնատներին։ Ըստ մեր աղբյուրների, դա հենց այնպես չի եղել, այլ բարձր իշխանությունների գիտությամբ. սրանով ոմանք կարմիր քարտ են ստացել», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում