Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին, ով ուսանում է այդ բուհում և շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին՝ ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ և դուռը փակել:
«Ու այստեղ սկսվել է կինոն: Երկու անհայտ անձինք մեր թղթակցին սկսել են հարցաքննել, իսկ երբ նա պահանջել է ներկայանալ, մեկն ասել է. «Հ1»-ի կադրերի բաժնի պետն եմ, Արթուր Գևորգյան»: «Հ1»-ի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կադրերի բաժնում միայն կանայք են աշխատում և նման անունով մարդ գոյություն չունի: Եվ ուրեմն, ովքե՞ր էին այս երկուսը, որ ԵՊՀ աշխատակազմին կարողացել էին ստիպել այդպես հապշտապ կանչել ուսանողին, իրենց առանձին սենյակ տրամադրել եւ մոտ 40 րոպե չանհանգստացնել: Լրագրողը, բնականաբար, սենյակից դուրս գալով, այս հարցը տվել է, ինչին ԵՊՀ-ում պատասխանել են, թե նրանք ասել են, որ «վայենկոմատից» են:
Ստացվում է՝ ցանկացած ոք կարող է գնալ մայր բուհ, ներկայանալ ինչ-որ տեղից և ուսանողներից ցանկացածի հետ «օպերացիա» իրականացնել: Թե իրականում ովքեր են այս մարդիկ եւ ինչ էին ցանկանում «ՀԺ»-ի լրագրողից, պարզ է դառնում նրանց խոսակցության մանրամասներից, տված հարցերից, առաջարկներից: Ակնհայտ է, որ Հայաստանի ԱԱԾ-ն պարզապես փորձել է հավաքագրել մեր թղթակցին: Եթե այդպես չէ՝ սա թող համարեն հաղորդում հանցագործության մասին և պարզեն, թե այդ ովքեր էին, որ սպառնում էին լրագրողին», – նշում է թերթը:
Թերթը ներկայացրել է զրույցի սղագրությունը․ անծանոթները, մասնավորապես, հարցում են լրագրողին՝ արդյոք նա կցանկանա պետական մարմիններում աշխատել, գոհ է թերթում աշխատանքից, կցանկանա ծառայողական մեքենա և շատ փող ունենալ։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում