Home / Հայաստան / Ադրբեջանական հեռուստատեսության վրա հարձակվել են՝ «բռնապետության քարոզչությունը» քննադատելուց հետո

Ադրբեջանական հեռուստատեսության վրա հարձակվել են՝ «բռնապետության քարոզչությունը» քննադատելուց հետո

Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել ադրբեջանական ինտերնետ հեռարձակող «Մեյդան TV»-ի վրա։

Նախագծի հիմնադիր, նախկին խղճի գերի Էմին Միլին չի կարծում, որ հարձակումը տեղի է ունեցել կենցաղային պատճառներով։ Հանցագործները խմբագրությունից ոչինչ չեն գողացել։

Միլին նշում է, որ անցած շաբաթ բեռլինյան ամենահայտնի թերթերից մեկում՝ Zeit-ում, հրապարակվել է հոդված այն մասին, որ Ադրբեջանի դեսպանությունը Humbolt համալսարանի «Ադրբեջանի պատմության» ամբիոնին Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրել է 75 միլիոն եվրոյի չափով նվիրատվություն՝ իր քարոզչությունը կյանքի կոչելու նպատակով։

Թերթը նշում է, որ այդ առիթով կազմակերպված միջոցառմանը հրավիրվել էին մտավորականներ, գիտնականներ, ու, ամենակարևորը, ադրբեջանական հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, իսկ հենց Բեռլինում գործող «Մեյդան TV»-ին չէին հրավիրել։

Այս կապակցությամբ Zeit թերթը դիմել է «Մեյդան» TV-ի ղեկավար Էմին Միլիին՝ խնդրելով հայտնել իր կարծիքը։ Վերջինս պատասխանել է․ «Այդ նախագիծը համապատասխանում է Իլհամ Ալիևի եվրոպական ռազմավարությանն ու իր համար ժամանակակից կերպար ստեղծելու ցանկությանը։ Դա բռնապետության քարոզչության նախագիծ է»։

«Ու արդեն մի քանի օրից սա է տեղի ունեցել»,- նշել է նա՝ նկատի ունենալով խմբագրության վրա հարձակումը։

Ներկայումս գերմանական ոստիկանությունը հետաքննում է այս երկու փաստերի փոխկապակցված լինելը։