«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը մի քանի ամիս է, ինչ դադարեցված է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցումը դադարեցված է դեռ անցած տարվա նոյեմբերից:
556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին: Ըստ Հայաստանի կառավարության, ճանապարհի կառուցումը կարժենա 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը:
«Մենք մոնիտորինգ ենք արել Երևան – Աշտարակ և Երևան – Արարատ կետերը: Ցավում եմ, մենք մտածում էինք, որ մոնիտորինգի կարիք հետո չի լինի, որովհետև այդ կետերը արագ կկառուցվեն, որովհետև այնտեղ նույնիսկ ճանապարհը չէր կառուցվում, պետք է վերակառուցվեր՝ ուղղակի լայնանար: Բայց հիմա արդեն 2014 թվականն է, և երբ գնում ենք շինարարության կետերը, մենք տեսնում ենք, որ այնտեղ 15-20 կմ, ավելին գործ արված չէ։ Կարող ենք ասել, որ ծրագրի իրականացումը ձախողվել է: Նախ երեք տարի ուշացումով սկսեցին շինարարական աշխատանքները, որի պատճառով որպես տուգանք Հայաստանը վճարեց մոտ 300 հազար դոլար: Եվ այժմ էլ տեսնում ենք, որ ամիսներով շինաշխատանքներ չեն ընթանում», – փոխանցեց Ադամյանը՝ հավելելով․ – «Խայտառակ իրավիճակ է: Ես չեմ կարողանում ուղղակի հասկանալ, ե՞րբ պետք է այս խայտառակությունն ավարտվի»:
Խոսելով ավտոճանապարհի կառուցման հետ կապված սկանդալի մասին՝ «Ազատությունը» հիշեցնում է, որ ավելի վաղ պաշտոնանկ էր արվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանը։ Տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող այդ ՊՈԱԿ-ն է Հայաստանի կառավարության կողմից իրականացնում ծրագիրը, և 2013-ի ապրիլին նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով Հովսեփյանը ազատվեց աշխատանքից: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի համար է պաշտոնանկ արվել Արա Հովսեփյանը: Մամուլը գրեց, թե չարաշահումներ են եղել, իսկ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում թերացումներ ի հայտ եկան:
Ռադիոկայանը դիմել է ճանապարհը կառուցող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության հայաստանյան գրասենյակ՝ հարցնելով, թե ինչո՞ւ է դադարեցվել շինարարությունը: Այնտեղից փոխանցել են, թե լրատվամիջոցների հետ շփվում են միայն վերը նշված ՊՈԱԿ-ի միջոցով, քանի որ «ընկերությունն այդպիսի որոշում է կայացրել»:
«Շինարարական աշխատանքները դադարեցված են ժամանակավորապես և կվերսկսվեն մարտից, – «Ազատության» հետ զրույցում ասել է ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը: – Հաշվի առնելով, որ ճանապարհի հիմնական աշխատանքները բետոնացման աշխատանքներն են: Հյուսիս – Հարավի Աշտարակից դեպի Երևան և Երևանից դեպի Արտաշատ ընկած հատվածը դա նախ և առաջ ճանապարհի վերակառուցում է, այսինքն օգտագործում ենք առկա ճանապարհը՝ բարձրացնելով կատեգորիան դեպի առաջին, և ծածկը լինելու է բետոնացված: Բետոնացման աշխատանքները տեխնոլոգիայով և մասնագրերով թույլատրվում է անել, եթե կայուն ջերմաստիճանը մեկ սուտկայի լինում է վեց աստիճան պլյուս: Հաշվի առնելով, որ ձմեռային շրջանը սկսվել է դեկտեմբերի 7-ից, շինարարական աշխատանքները դադարեցվել են զուտ տեխնոլոգիական պրոցեսներից ելնելով»:
Սարգսյանը նշել է, որ մայրուղու կառուցումը նախատեսված է ավարտել 2019թ․:
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ այստեղ։