Հայաստանը և Ռուսաստանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով քաղաքացիների կազմակերպված հավաքագրման մասին» անունը կրող համաձայանգիր կստորագրեն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթն ընդգծում է, որ համաձայնագիրն առայժմ նախագծի տարբերակով է ու դեռևս շրջանառվում է տարբեր գերատեսչություններում, բայց կարելի է վստահ լինել, որ այն, ի վերջո, ստորագրվելու է, որովհետև, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, համաձայնագրի նախաձեռնությունը Ռուսաստանինն է։
«Կարծես թե այս համաձայնագիրը լրացնելու կամ փոխարինելու է գալիս ՌԴ «Համերկրացիներ» կոչվող պետական հայտնի ծրագրին, որը մեր երկրում իրականացվում է այդ պետության միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ «Համերկրացիներ» ծրագիրը հայաստանցիներին առաջարկում է աշխատանք և քաղաքացիություն Ռուսաստանում, սակայն որպես բնակության վայր ընտրվում են ՌԴ ծայրամասային բնակավայրերը։
Այժմ էլ, ըստ նոր համաձայնագրի նախագծի, օտարերկրյա աշխատողները զբաղեցնելու են այն աշխատատեղերը, որոնք կորոշվեն նախօրոք։ Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրման գործում Հայաստանին վերապահված է կարևոր դերակատարում։ Համաձայնագրի նախագծի 5-րդ հոդվածում մասնավորապես գրված է. «ՀՀ տեղեկատվական կենտրոններն իրականացնում են ՀՀ քաղաքացիների իրազեկում՝ ՌԴ-ում աշխատանքի տեղավորման հնարավորությունների վերաբերյալ՝ կազմակերպված հավաքագրման կարգի շրջանակներում՝ ռուսական գործատուների դիմումների հիման վրա»։
Ուշագրավ է, որ համաձայնագրի նախագիծը միակողմանի է, և խնդիրը դիտարկվում է Ռուսաստանի տեսանկյունից։ Այստեղ պարբերաբար օգտագործվում է «ներգաղթ» բառը։ ՀՀ քաղաքացիներն, ըստ այդմ, ոչ թե կարտագաղթեն, այլ կներգաղթեն։
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրման մասին համաձայնագրի նախագծում սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության ներգաղթի աջակցման կենտրոններն իրականացնում են քաղաքացիների տեղափոխման կազմակերպումը մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց կողմից ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու վայրը և աջակցում են նշված անձանց ՀՀ վերադարձին», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում