2008 թվականի Մարտի 1-ին հայաստանյան իշխանություններն իրենց գործողություններով ավելի վայրագ գտնվեցին, քան այսօր Ուկրաինայի իշխանությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ եթե 45 միլիոնանոց Ուկրաինայում զոհերի թիվը 100-ն է, ապա միայն 4,5 միլիոնանոց բնակչություն ունենալու դեպքում Հայաստանի համար 10 հոգին կլիներ համարժեք։ Ըստ այդմ, Հայաստանի բնակչության հաշվարկով զոհերի թիվն ավելի մեծ էր։ Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 3,2 միլիոն է։
«Ուկրաինայի հետ համեմատելու ուրիշ բան չկա, հետո էնքան շատ խոսողներ կան, որ դրանից հետո խոսելը ծիծաղելի է։ Ինձ համար ծիծաղելի էր, երբ ասում էին՝ Ուկրաինան պառակտվելու կամ կիսվելու է։ Տեսնում էի, թե որքան անիրազեկ թեթևսոլիկներ մեջտեղ են ընկնում և, իրենց կարծիքով, լուրջ բաներ են ասում։ Ուկրաինայում հարցը բավական լավ է դրված և ժամանակներն էլ բոլորովին այլ են։ Կկրկնվե՞ն արդյոք Ուկրաինական զարգացումները Հայաստանում, դրա մասին էլ շատ են խոսում։ Ինչպես նկատել եք՝ տարբեր երկրներում տարբեր զարգացումներ են լինում», – նշել է բանախոսը և հավելել, որ Հայաստանի հետ կապված կանխատեսումներ անել չի կարող։
Հայրիկյանը նկատել է, որ անգամ Ուկրաինայում ծավալվող գրոծողությունները հստակ սցենարով չէին գնում, ուղղակի ընթացքում լինում են իրավիճակը կտրուկ փոխող իրադարձություններ և գործողություններ։