«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» ֆեյսբուքյան նախաձեռնությունը վաղը՝ ժամը 13։00-ից բողոքի ակցիա է անցկացնելու Առողջապահության նախարարության շենքի մոտ: Հղիները բողոքում են Առողջապահության նախարարության վերջին որոշման հետ կապված, համաձայն որի մարտի 1-ից առողջապահության ոլորտում մի շարք անվճար ծառայություններ չեղյալ են համարվելու, մասնավորապես, վճարովի են դառնալու հղիության դեպքում առաջացած բարդությունների բուժումները։
Ակցիայի նպատակն այդ որոշման առնչությամբ բացատրություն պահանջելն է։
«Այդ փոփոխությունների թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել 5000 դրամ», – ասված է հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում միանալ ակցիային՝ ոլորտի պատասխանատուներին որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունը ցույց տալու և այն կասեցնելու պահանջով։