ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են և վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկումները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով։
«Պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու առաջարկի հեղինակները դա պայմանավորել են նրանով, որ ՀՀ բնակչության դժգոհությունները գործող իշխանությունից առանց այդ էլ խորն են, և դժգոհության մի նոր ՝ լրացուցիչ առիթ ստեղծել պետք չէ։ Եվ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչ ճակատագիր է սպառնում իշխանությանը համաժողովրդական ընդվզումների արդյունքում։
Այլ կերպ ասած, իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ մտավախություններ կան, որ առկա դժգոհությունների պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչը կարող է դառնալ այն կայծը, որը Սերժ Սարգսյանին կտանի Յանուկովիչի «հետքերով։
…Մյուս կողմից, սակայն, գործող իշխանությունը խիստ շահագրգռված է կուտակային պարտադիր բաղադրիչով, քանի որ դրանով ակնկալում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի լրացուցիչ փող հավաքել և տարբեր մեխանիզմներով այն ծառայեցնել բյուջեի բազմաթիվ «ծակուծուկերի» փակմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում