Այսուհետ հայաստանցիները Շվեյցարիայի վիզա ստանալու համար ստիպված չեն լինի մեկնել Թբիլիսի՝ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։ Ինչպես հաղորդում է Երևանում Լեհաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, Լեհաստանի դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:
«Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը», – նշված է Հայաստանում Լեհաստանի դեսպանության մամուլի հաղորդագրության մեջ: