Ավանի հոգեբուժական կլինիկա տեղափոխված քաղաքացի Ժուլետա Ամարիկյանն այլևս հարկադիր բուժման համար կլինիկայում չի մնա։ Նման որոշում է կայացրել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ քննելով հաստատության տնօրեն Ա. Հակոբյանի դիմումը։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը։
Հակոբյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Ժուլետա Ամարիկյանին հարկադիր բուժման ենթարկել, սակայն կինը պնդում էր, որ հոգեկան առողջության խնդիրներ չունի և հոգեբուժական կլինիկա տեղափոխվել է բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի պատճառով:
Նախորդ դատական նիստին Ժուլետա Ամարիկյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանն առարկել էր ներկայացված դիմումի դեմ` նշելով, որ դիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին, որի պատճառով չպետք է վարույթ ընդունվեր դատարանի կողմից: Բացի դա, դիմումում պետք է նշված լինեին հարկադիր բուժման ենթարկելու պատճառները: Տիգրան Հայրապետյանը ներկայացրել էր նաև հոգեբուժական հանձնաժողովի կայացրած եզրակացության թերությունները: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետից հետևում է, որ հոգեկան հիվանդ անձին կարելի է զրկել ազատությունից նրանից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով: Մինչդեռ, հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության մեջ չի նշվել, թե ինչ վտանգ է ներկայացրել Ժուլետա Ամարիկյանը, կոնկրետ որ շրջապատի համար, ինչպես նաև կոնկրետ հիվանդութունը, որով տառապել է Ժուլետա Ամարիկյանը, նրա հիվանդության ողջ պատմությունը և մի շարք այլ տվյալներ:
Ըստ ժուլետա Ամարիկյանի՝ իրեն հետազոտել են երկու բժիշկներ, մինչդեռ եզրակացությունը ստորագրված է չորս անձանց կողմից: Կնոջ ներկայացուցիչը դատարանին ներկայացրել էր նաև հոգեբուժական հիմնարկից դուրս գրվելուց հետո «Արմենիա» բժշկական կենտրոնում անցած հետազոտությունների փաստաթղթերը, որի ընթացքում նյարդաբանը պարզել էր, որ Ժուլետա Ամարիկյանի գիտակցությունը պարզ է, զննման պահին սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել:
Այսպիսով, Տիգրան Հայրապետյանը հայտնել էր, որ ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ Ժուլետա Ամարիկյանը չունի հոգեկան առողջության խնդիրներ, և նրան հոգեբուժական հիմնարկ տեղափոխելը ակնհայտ ապօրինություն է եղել: