Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բերնար Շալանդը։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ուղիղ եթերում այսօր հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Շալանդը 7 տարվա ընթացքում՝ 2001-ից 2007թթ․ աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում։ 2003 թվականին շվեյցարացիները Շալանդի գլխավորությամբ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ 2007-ից 2010թթ․ աշխատել է «Ցյուրիխ» ակումբում, նվաճել է չեմպիոնի կոչումը, «Ցյուրիխը» խաղացել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ «Ցյուրիխից» հետո Շալանդը գլխավորել է «Սյոնը», «Քսամաքսը», «Տունն» ու «Յանգ Բոյզը»։
Հայրապետյանը նաև նշել է, որ Շալանդը դեռ ծանոթ չէ հավաքականին, այդ իսկ պատճառով Ռուսաստանի ընտրանու հետ մարտի 5-ին կայանալիք խաղին, Հայաստանի հավաքականը կգլխավորի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը։
Բացի դա, ՀՖՖ նախագահը նշել է, որ Շալանդը մայիս-հունիս ամիսներին խնդրել է 15-օրյա հավաք կազմակերպել, որի ընթացքում հավաքականը 3 ընկերական հանդիպում պետք է անցկացնի։ Մայիսի 31-ին հայաստանցիները կմրցեն Ալժիրի, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի ընտրանու հետ։ Երրորդ հանդիպման համար բանակցությունները դեռ շարունակվում են։