2013 թվականի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցները, այդ թվում՝ տպագիր, առցանց և հեռարձակող, վերահսկվել են կառավարության կողմից կամ, հիմնականում, արտահայտել վերջինիս տեսանկյունները։ Այս մասին ասված է 2013թ․ մարդու իրավունքների ԱՄՆ Պետդեպի զեկույցում։
Զեկույցի հեղինակները նշում են, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ու մայիսի 5-ին՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ու, ընդհանրապես, տարվա ընթացքում քաղաքացիների բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ բռնության բազմաթիվ դեպքեր են գրանցվել։
Հունիսի 10-ին «Շանթ» հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Արմեն Դուլյանին, այն բանից հետո, երբ վերջինս սոցկայքերից մեկում նյութ է տեղադրել, որը զուգահեռներ էր անցկացնում Հայաստանում ու Ռուսաստանում տիրող մամուլի վիճակների միջև՝ մատնանշելով, որ երկու երկրների իշխանությունները վերահսկում էին հեռուստակայանների մեծ մասը։ Մեծ թվով լրագրողներ քննադատել են Դուլյանին աշխատանքից ազատելու փաստը՝ նշելով, որ միջադեպն ապացուցում է, որ «Շանթ»-ը գտնվում է կառավարության վերահսկողության տակ ու անհանդուրժողական է ազատ խոսքի ու մտքի նկատմամբ։
Բացառությամբ նախագահական ու քաղաքապետի ընտրություններին նախորդած չորս շաբաթյա պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածի, երբ հեռարձակող մամուլը բազմակարծիք և օբյեկտիվ լուսաբանում էր իրականացնում, ավանդական ԶԼՄ-ների հաղորդումներում, հիմնականում, շարունակում էր բացակայել քաղաքական կարծիքի բազմազանությունն ու օբյեկտիվությունը։
Թերթերի տպաքանակը շարունակել է սահմանափակ մնալ։ Թերթերի մեծ մասը պատկանում է անհատ անձանց կամ խմբերի՝ բացառությամբ կառավարության կողմից հովանավորվող «Հայաստանի Հանրապետություն» թերթի ու դրա ռուսալեզու տարբերակի։ Հրապարակումների մեծ մասն արտացոլում էր դրանց սեփականատերերի ու ֆինանսական հովանավորների դիրքորոշումները, որոնք, հաճախ, մոտ են կանգնած կառավարությանը։
Այս թերթերը հովանավորող քաղաքական ուժերն ու գործարարներն այնքան էլ շահագրգռված չէին արդար ու հավասարակշիռ լուսաբանում ապահովելու մեջ։ Թերթերից միայն մի քանիսն էին գործում որպես արդյունավետ ու ինքնուրույն ձեռնարկություններ։
Հեռարձակվող մամուլը, մասնավորապես, հեռուստատեսությունը, շարունակում էր մնալ բնակչության մեծամասնության նորությունների ու տեղեկատվության հիմնական աղբյուրը։ Հեռուստակայանների մեծամասնությունը պատկանում էր անհատների, հիմնականում՝ իշխող կուսակցության անդամ քաղաքական գործիչների կամ քաղաքական կապեր ունեցող գործարարների։ Հեռուստաալիքները ներկայացնում են իրադարձությունների միայն մի կողմը։ Շրջաններում տեղակայված հեռուստաընկերությունները որոշ այլընտրանքային տեսակետներ են ներկայացրել՝ հաճախ արտաքին աղբյուրներից ստացած տեղեկատվության հաշվին։
Առցանց մամուլը տեղեկատվության հիմնական այլընտրանքային աղբյուրն էր, և ի տարբերություն հեռարձակվող մամուլի՝ տրամադրում էր բազմաբնույթ քաղաքական կարծիքներ։ Չնայած կառավարությունը հիմնականում չի վերահսկել այս լրատվամիջոցների բովանդակությունը, դրանց նյութերը հաճախ արտացոլել են հովանավորների կամ գովազդատուների քաղաքական ազդեցությունը։
ԶԼՄ-ները մտահոգություն են հայտնել կառավարությանը քննադատության ենթարկելու պատճառով հնարավոր հետապնդումների վերաբերյալ։ Նման հետապնդումները կարող են ներառել դատական գործեր, հեռարձակման լիցենզիան կորցնելու սպառնալիք, ընտրովի հարկային հետաքննություններ կամ եկամուտների կորուստ այն դեպքում, եթե գովազդատուները պարզեն, որ լրատվամիջոցը արժանացել է կառավարության անհավանությանը։ Հաշվեհարդարի վախը հանգեցրել է լրատվամիջոցների ինքնագրաքննության բարձր մակարդակի։