Թեև Հայաստանում խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն արգելված են օրենքով, տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայն` անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակում են պարբերաբար կիրառել դրանք: Այս մասին ասված է փետրվարի 27-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպի 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցում։
Վերջինիս հեղինակները նշում են, որ ականատեսների վկայությամբ`ոստիկանությունը ձերբակալությունների ու հարցաքննությունների ժամանակ քաղաքացիներին ծեծի է ենթարկում: Իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես նմանատիպ մեղադրանքներ են ներկայացրել` նշելով, սակայն, որ զոհերը ոստիկանության ոտնձգությունների մեծ թվով դեպքերի մասին չեն հաղորդում` վրեժխնդրությունից վախենալով:
Խոշտանգումները հիմնականում տեղի են ունենում ոստիկանական բաժանմունքներում, քանի որ դրանք հանրային դիտարկման ենթակա չեն` ի տարբերություն բանտերի ու ոստիկանության մեկուսարանների: Պետդեպը նշում է, որ իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն`ոստիկանական բաժանմունքներից բանտեր տեղափոխված մեծ թվով անձինք հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց խոշտանգել ու ահաբեկել են, հիմնականում`խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:
Մարտի 13-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացրեց մի շարք տեղական ու միջազգային կառույցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներ`անչափահասների նկատմամբ վատ վերաբերմունքի ու խոշտանգումների վերաբերյալ: 86 անչափահասների հետ հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ վատ վերաբերմունքի ամենատարածված ձևը ծեծն ու ֆիզիկական ճնշումն է` խոստովանություններ կորզելու նպատակով: Երեխաներից ութը վկայել են, որ իրենք անձամբ ենթարկվել են բռնության, իսկ հարցվածների 51 տոկոսը լսել է մյուս երեխաների նկատմամբ ոտնձգությունների մասին, այդ թվում` ծեծի, սեռական բռնության, ահաբեկման ու սպառնալիքների մասին:
Մայիսի 3-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն զեկույց է ներկայացրել` ոստիկանական բաժանմունքներում կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին` հիմնված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորների հետ քննարկումների ու հարցումների վրա: Հարցաթերթիկները լրացրած անձինք նշել են, որ իրենք ենթարկվել են հոգեբանական ճնշման կամ ֆիզիկական բռնության` Երևանի և մարզերի տարբեր ոստիկանական բաժանմունքներում գտնվելու ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպանի` մարտին հրապարակված ամենամյա զեկույցում նույնպես նշված է, որ ոստիկանության քննչական մարմինները` խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով, շարունակել են անհատների նկատմամբ դաժան, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունք ցուցաբերել:
Պետդեպի զեկույցում նշված են նաև մի քանի կոնկրետ օրինակներ։ Մասնավորապես, զեկույցի հեղինակները նշում են, որ մարտի 14-ին Աշոտ Կարապետյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ։ Նշանակումից կարճ ժամանակ անց` քաղաքացի Գրիշա Վիրաբյանը, ով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն, 2004 թվականին խոշտանգումների էր ենթարկվել Երևանի ոստիկանության կողմից, հայտարարել է, որ իրեն խոշտանգողներից մեկը հենց Կարապետյանն էր, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնը:
«Իշխանությունները, սակայն, նշանակումը չեղյալ չեն համարել, իսկ տարեվերջի դրությամբ Վիրաբյանի նկատմամբ ոտնձգությունների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Կարապետյանը, ենթադրաբար, ներգրավված է նաև ոստիկանության կողմից խոշտանգումների մեկ այլ գործի մեջ: Սեպտեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Վերաքննիչ դատարանն իրավապահ մարմիններին կարգադրել է հետաքննել Հարություն Սարգսյանին խոշտանգումների ենթարկելու մեղադրանքները։ Սարգսյանին կասկածում են 2012 թվականի ապրիլին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ: Սարգսյանի հոր խոսքով` Գյումրու ոստիկանությունը` մարզային ոստիկանապետ Կարեն Բաբախանյանի (այժմ ազատված է պաշտոնից – խմբ) գլխավորությամբ, խոշտանգումների է ենթարկել իր որդուն` խոստովանություն կորզելու նպատակով, ու ոտնձգությունները շարունակվել են որդու` Երևանի ոստիկանության կալանքի վայր տեղափոխվելուց հետո: Խոշտանգողներից մեկը, ենթարաբար, զոհին ներկայացել է որպես Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ. այդ ժամանակ այս պաշտոնը զբաղեցնում էր Աշոտ Կարապետյանը», – նշված է Պետդեպի զեկույցում:
Զեկույցի հեղինակները նաև անդրադառնում են հայկական բանակում կոռուպցիայի և խոշտանգումների առկայությանը։
«Չնայած բանակում ճնշումների վերաբերյալ ճշգրիտ վիճակագրության բացակայությանը`տարբեր զինծառայողներ իրավապաշտպան կազմակերպություններին տեղեկացրել են, որ իրենց նկատմամբ խոշտանգումները շարունակական են: Զինվորների ընտանիքները պնդում են, որ կոռումպացված պաշտոնյաները վերահսկում են զորամասերը, իսկ մարդու իրավունքների դիտորդներն ու օմբուդսմենը հայտնում են, որ կառավարությունը շարունակում է զորակոչել լուրջ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների, որոնք պետք է ազատվեին պարտադիր զինծառայությունից», – ասված է զեկույցում: