Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով ներկա պահին գտնվում է Ռուսաստանում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է օգտագործել Ռուսաստանի զինված ուժերը՝ «Ուկրաինայում օրինականության վերականգնման» համար։
Յանուկովիչի համապատասխան հայտարարությունը երկուշաբթի երեկոյան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ընթերցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Որպես Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ՝ հայտարարում եմ՝ Մայդանի իրադարձությունները, իշխանության անօրինական զավթումը բերեցին նրան, որ Ուկրաինան այժմ հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին։ Երկրում տիրում է քաոս ու անարխիա։ Մարդկանց կյանքին ու անվտանգությանը, հատկապես հարավ-արևելքում ու Ղրիմում, վտանգ է սպառնում։
Արևմտյան երկրների ազդեցության տակ՝ ակնհայտ ահաբեկումներ ու բռնություններ են տեղի ունենում, մարդկանց հետապնդում են՝ ըստ քաղաքական ու լեզվական պատկանելության։
Այս կապակցությամբ դիմում եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգտագործել ՌԴ զինված ուժերը՝ օրինականության, խաղաղության, կայունության վերականգնման, ինչպես նաև Ուկրաինայի բնակչության անվտանգության ապահովման համար»,- ասված է Յանուկովիչի հայտարարության մեջ։
Եվրոպական միությունը, իր հերթին, Ռուսաստանին մինչև մարտի 6-ը ժամանակ է տվել, Ղրիմում իրավիճակը շտկելու, ռազմական ներխուժումը դադարեցնելու համար։ Եմ-ի հայտարարության համաձայն, հրաժարվելու դեպքում Ռուսաստանին դեմ պատժամիջոցներ կկիրռավեն։