2012 թվականի նոյեմբերի 5-ին բնակարանային գողության մեղադրանքով բերման ենթարկված Տավրոս Ոսկանյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրական ճառով հանդես եկած դատախազ Վահագն Պողոսյանը մեղադրյալի համար 9 տարի ազատազրկում է պահանջել։ Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկանյանի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Գայանե Խաչատրյանը։
«Տավրոսը մեղադրվում է գողության 6 դրվագով, յուրաքանչյուր դրվագի համար դատախազը պահանջել է 6 տարի ազատազրկում։ Վերջնականը, մասնակի գումարելով, պահանջել է 9 տարի ազատազրկում», – նշել է մեր զրուցակիցը։ Փաստաբանը, ճառին պատրաստվելու համար 10 օր է խնդրել։ Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 19-ին։
Մեզ հետ զրույցում Խաչատրյանն ընդգծել է, որ այսօրվա մեղադրական ճառը հիմնավորված չէր, դատախազը գործին նոր է մասնակցում և անցյալ նիստին՝ փետրվարի 26-ին, Պողոսյանը Խաչատրյանին ասել էր, որ գործում առկա ձայնագրություններին ծանոթ չէր։ Ըստ փաստաբանի՝ դա հիմք է տալիս ենթադրելու, որ մեղադրող կողմի նպատակը Տավրոս Ոսկանյանին բանտ ուղարկելն է։
Խաչատրյանը հիշեցրել է, որ գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել, իսկ Ոսկանյանն ինքնախոստովանական ցուցմունքը գրել է ճնշման տակ։
Ավելի վաղ Еpress.am-ի հետ Տավրոս Ոսկանյանի կինը՝ Արմինե Պողոսյանը, պատմել էր, որ իր նկատմամբ ճնշում են գործադրել ոստիկանության բաժնում՝ պահանջելով, որպեսզի ինքը համոզի ամուսնուն խոստովանական ցուցմունք գրել։
Կինն այդ ժամանակ հղի է եղել, և ամուսինը ստիպված է եղել կատարել ոստիկանների պահանջը, որից հետո կնոջը տուն են թողել։ Պողոսյանը հղիության ընթացքում կորցրել է երեխային։
Կինը նաև կարծիք էր հայտնել, որ ամուսնու վրա «գործը սարքում են», քանի որ նախկինում դատվածություն է ունեցել գողությունների համար։ Իրականում, կնոջ խոսքով, դատարանում Ոսկանյանին վերագրվող 6 դրվագներից և ոչ մեկով ապացույցներ չկան։ Պողոսյանը պատմել է, որ մեկ դրվագով անգամ հաստատվել է, որ ամուսինները գողության պահին, որը կատարվել է Երևանի 16-րդ թաղամասում, գտնվել են քաղաքի կենտրոնում։