Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում վերջերս գրանցված՝ իրեն, իր ընտանիքին ու իշխող կուսակցության անդամներին թիրախավորող խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին, մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ սկսել է ավելի շատ անդրադառնալ կրոնական թեմաներին։ Այս մասին գրում է «Հյուրիեթի» սյունակագիր Օզգուր Կորկմազը։
Վարչապետն ընտրողներին հաճախ հիշեցնում է, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) հանրային ծառայողներին, պատգամավորներին և ուսանողներին թույլտարել է գլխաշոր կրել, միևնույն ժամանակ՝ ավելացնելով մահմեդականության ու Ղուրանին վերաբերող մեջբերումների թիվն իր ելույթներում։
Կորկմազը նշում է, որ սա կարող է դիտվել որպես խելացի քայլ մի երկրում, որտեղ բնակչության 95 տոկոսը մահմեդական է, իսկ 88 տոկոսն ասում է, որ կրոնը շատ կամ որոշ չափով կարևոր է։ Էրդողանի վերջին հարձակումներն աթեիստների վրա, սակայն, կարող են բացատրվել միայն աթեոֆոբիայով՝ աթեիստների նկատմամբ վախով, անվստահությամբ, ատելությամբ։
«Չնայած ձախերի՝ այդ աթեիստների բողոքներին՝ մենք փետրվարի 24-ին Անկարայում զբոսայգի բացեցինք»,- փետրվարի 28-ին Բալիքեսիր քաղաքում ՏԻՄ ընտրություններից առաջ կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Էրդողանը։
«Նրանք ահաբեկիչներ են»,- հավելել է նա։
Այսպիսով, Էրդողանը, ով իսլամաֆոբիայի դեմ պայքարի հավատարիմ մարտիկն է, խնդիր չի տեսնում աթեիստներին ահաբեկիչներ անվանելու մեջ։ Մարդիկ, որոնց նա անվանել է «ձախեր, աթեիստներ, ահաբեկիչներ», մի խումբ ուսանողներ էին, որոնք պայքարում էին ճանապարհի շինարարության ու կոռուպցիայի դեմ։
Էրդողանի վերաբերմունքն աթեիզմի վերաբերյալ, իրականում, գաղտնիք չէ։ Նա իր տեսակետը հստակեցրել է դեռևս երկու տարի առաջ, այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն վարչապետին քննադատել էր նրա՝ «բարեպաշտ սերունդներ» մեծացնելու մասին խոսքերի համար։
«Քիլիչդարօղլու, կարծում ես «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (իշխող կուսակցությունը – խմբ․), որն ունի պահպանողական-դեմոկրատական կողմնորոշում, պետք է մեծացնի աթեի՞ստ սերունդներ»,- ի պատասխան հայտարարել էր Էրդողանը։ «Դա, միգուցե, ձեր աշխատանքն ու նպատակն է, բայց ոչ՝ մերը»։
Վարչապետը, սակայն, միշտ չէ այլախոհների նկատմամբ այսքան կոպիտ եղել։
«Մենք մահմեդականների կառավարությունն ենք, մենք քրիստոնյաների, հրեաների կառավարությունն ենք,- անցած հոկտեմբերին Վանում հայտարարել էր նա։ – Մենք պաշտպանում ենք բոլորի իրավունքները, մենք կպաշտպանենք նաև աթեիստների իրավունքները»։
Կորկմազը, սակայն, ընդգծում է, որ ընտրությունները մոտենում են, Էրդողանը կանգնած է կոռուպցիոն մեղադրանքների առջև, ու նա շահագրգռված չէ ընտրողներին համոզել, որ հետամուտ կլինի ավելի լիբերալ օրակարգի։ Նա ապավինում է հիմնական ընտրազանգվածին, որը կքվեարկի խորը իսլամիստական արմատներ ունեցող իշխող կուսակցության օգտին։
Թուրքիայում կրոնի քննադատները վարչապետի կողմից թիրախավորվելուց առաջ արդեն իսկ դժվար իրավիճակում էին գտնվում։ Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար, երգահան Ֆազիլ Սայը դատապարտվել է ազատազրկման՝ Օմար Խայամի ռուբայիներից մեկը մեջբերելու համար։ Թուրքահայ գրող, լեզվաբան Սևան Նշանյանը դատապարտվել է 13․5 ամսվա ազատազրկման՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով։ Թուրքական հայտնի «Էքշի Սոզլյուկ» կայքի ավելի քան 40 օգտատերեր մեղադրվում են «հոգևոր արժեքները հրապարակավ նվաստացնելու» մեջ և նրանց 1.5 տարվա ազատազրկում է սպառնում։
2009 թվականին Բահչեշեհիրի համալսարանի կողմից անցկացված հարցման համաձայն՝ թուրքերի 75 տոկոսը չի ուզում աթեիստ հարևան ունենալ, 64 տոկոսը՝ հրեա հարևան, իսկ 52 տոկոսը չի ուզում ապրել քրիստոնյաների կողքին։