Մարտի 1-ին ինքնասպան եղած 18-ամյա Սյուզի Քոչարյանի դեպքը ևս մեկ անգամ ստիպել է Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությանը դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով լուծում տալ ցմահ դատապարտյալների հետ կապված բազմթիվ խնդիրներին։ Նախկինում ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող խումբը դիմել էր նաև Սերժ Սարգսյանին։
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ Սյուզի Քոչարյանը ցմահ դատապարտյալ, 19 տարի բանտում գտնվող, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի դուստրն էր։ Նրա մայրը մահացել էր, հայրը կողքին չէր ծնված օրվանից, ու աղջիկը գնացել է ծայրահեղ քայլի:
«Տարիներ շարունակ դատապարտյալների այս խումբը բարձրացնում է գործերի, պատժաչափերի վերանայման, օրենսդրական մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին: Տարեց տարի նրանց թիվը նվազում է. մահանում են տարբեր հիվանդություններից, ինքնասպանվում, ստանում հոգեկան շեղումներ: Պատժի նպատակն իսպառ վերանում է:
Առաջարկում ենք ձևավորել ժամանակավոր հանձնաժողով կամ միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 104 ցմահ դատապարտյալների գործերը /նրանցից 35-ը նախկին մահապատժի դատապարտվածներ են/, առանձնացնելու վիճելի, կասկածելի գործերը տեսակավորելու դրանք, ըստ ձերբակալման պահին դատապարտյալի տարիքի, սպանությունների թվի, դատվածությունների քանակի, հանցագործության տեսակի ու բնույթի», – նշում է նախաձեռնությունը:
Պաշտոնյաներին հղած դիմումի մեջ մի շարք առաջարկներ են ներկայացված.
1. Առանձնացնել և ուսումնասիրել 18-21 տարեկանում ձերբակալվածների գործերը: 104 ցմահ դատապարտյալներից 17-ը ձերբակալման պահին եղել են 18-21 տարեկան: Եվրոպական մի շարք երկրներում, եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան դատապարտել պատժի առավելագույն չափի, քանի որ ամրագրված են երիտասարդների արդարադատության դրույթները, ըստ որի այդ տարիքային խմբին պատիժ նշանակելիս կիրառվում են օրենսդրության առավել մեղմ դրույթներ:
2. Ուսումնասիրել, թե ինչու չի կիրառվում պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, չի գործում պահման ռեժիմների փոփոխման համակարգը /10 ցմահ դատապարտյալ արդեն հատել է պայմանական ազատման ներկայացման 20 տարվա շեմը, սակայն փակ ռեժիմից նրանց չեն տեղափոխում կիսափակ ռեժիմ, չի կիրառվում նաև վաղակետ ազատումը/: Ուսումնասիրել նաև, թե ինչու չի կիրառվում պատժի չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դրույթը:
3. Ուսումնասիրել, թե ինչու համաներման ու ներման ինստիտուտների միջոցով երբևէ անդրադարձ չի կատարվում դատապարտյալների այս խմբին:
4. Մասնագետ-իրավաբանների միջոցով գտնել ու վեր հանել պատժի առավելագույն չափի դատապարտվածների վիճելի գործեր, մարդկանց, ովքեր տարիներ պնդում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել բանտում, պայքարում են իրենց գործերի վերանայման համար:
5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայումներ: Սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ:
6. Քրեակատարողական օրենսգրքով տալ հնարավարություն հարազատների հետ կապը ընդլայնելու համար: Այլապես ցմահ դատապարտյալները տարեկան 1 երկարատև՝ 3 օրյա և 3 կարճատև՝ 1 ժամյա երկշերտ ապակե միջնորմով տեսակցությունների իրավունք ունեն՝ անկախ նրանից 20 տարի են պատիժ կրում, թե առաջին տարին են բանտում: Յուրաքանչյուր 5 տարին մեկ կարելի է ավելացնել տեսակցությունների ու հեռախոսազանգերի թիվը՝ խթանելով ընտանեկան կապերը:
7. Այսօր քրեակատարողական օրենսգրքով անգամ խրախուսանքի ձևերից մեկը ռեժիմի փոփոխումն է, սակայն որևէ անգամ ցմահների հանդեպ չի կիրառվում խրախուսանք: Ուսումնասիրել օրենքի դրույթի չկիրառման պատճառները: