Դեռ մեկ տարի առաջ գործարար Միխայիլ Բաղդասարովը, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տվյալների, գերիշխող դիրք ուներ ավիավառելիքի ներկրման ոլորտում։ Երեկ, սակայն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են, որ արդեն մի քանի ամիս է, Բաղդասարովի «Միկա լիմիթեդ» ընկերությունն իրենց նավթ չի մատակարարում։
Թերթը նշում է, որ Բաղդասարովը զրկվել է նաև այդ բիզնես ոլորտից։ Բացի դա, «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Բաղդասարովի «Արմավիան», որը նախորդ տարի դադարեցրել է գործունեությունը, հսկայական պարտքեր է կուտակել։ Մասնավորապես, «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ին Բաղդասարովը պարտք է մոտ 5 միլիոն դոլար։ Չվճարված են մնում «Արմավիայի» բազմաթիվ նախկին աշխատակիցների աշխատավարձերը, Բաղդասարովը պարտքեր ունի նաև ռուսաստանյան օդանավակայաններին։
Թերթի հետ զրույցում Բաղդասարովը հերքել է, թե ընդմիշտ լքել է Հայաստանը։ Նա ասել է, որ այս պահին իր ընկերությունը փակում է պարտքերը։
Այն հարցին, թե որքան պարտքեր ունի ընկերությունը, Բաղդասարովը պատասխանել է․
«Չեմ կարող ասել։ Շա՜տ։ Պարտքատերեր, տարբեր ուղղություններ և այլն, և այլն, երկար բան է, ես կարծում եմ, դուք չեք հասկանա ինձ։ Կարող եմ տոկոսով ասել՝ 40 տոկոս է մնացել։ Այդտեղ միայն աշխատավարձերը չեն։ Ես հիմա չեմ կարող խոսել, ուշանում եմ ինքնաթիռից»։
Թերթն ընդգծում է, որ այս պահին Բաղդասարովին է մնացել միայն նրա «Միկա ցեմենտ» գործարանը, որի արտադրանքը ծածկում է հայկական շուկայի գրեթե կեսը, բայց որը, ըստ մամուլի հրապարակումների, տևական ժամանակ է, վարձակալությամբ հանձնված է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն։
Գործարանը, ըստ հավաստի տեղեկությունների, Բաղդասարովը երկար ժամանակ է, փորձում է վաճառել, սակայն հարմար գնորդ չի կարողանում գտնել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում