Ընտրողները Հայաստանի մի քանի տասնյակ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն չեն մասնակցել։ Դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել։
Հայաստանյն գյուղերում դիտարկում իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել են երեկ՝ մարտի 9-ին ՀՀ 53 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանի, ընտրությունների ընթացքի վերաբերյալ։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանի խոսքով՝ շատ համայնքներում բնակիչներից շատերը ՏԻՄ ընտրություններից ընդհանրապես տեղյակ չեն եղել, առավել ևս՝ ակտիվորեն չեն մասնակցել ընտրություններին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշել է, որ գյուղերի բնակիչները հաճախ անտեղյակ են եղել ավագանու դերակատարումից։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ընդգծել է, որ ընտրողների ակտիվություն, այնուամենայնիվ, որոշ տեղամասերում նկատվել է։
«Գրանցվել է ազատ կամարտահայտման իրավունքի խախտում, վարչական ռեսուրսի չարաշահում, օգնողների ինստիտուտի կիրառություն: Որոշ համայնքներում մինչև 70-75 օգնության դեպք ենք ունեցել։ Եթե հաշվի ենք առնում, որ ոչ մեկին չեն սպանել, մարմնական վնասվածքներ չեն ստացել, այդ պարագայում գուցե կարելի է արձանագրել կես կամ մեկ քայլ առաջ», – նշել է բանախոսը։
Որոշ համայնքներում ՀՀԿ-ի նկատմամբ անկուսակցական՝ ընդդիմադիր թեկնածուների գրանցած հաղթանակների մասին խոսելով, Բարսեղյանը նկատել է, որ էկզոտիկայի համար իշխող ռեժիմը բազմակուսակցություն էր արտոնում:
Ամփոփելով արդյունքները՝ բանախոսները վստահեցրել են, որ ՏԻՄ ընտրություններում բացակայում են քաղաքական կարևորությունն և ծրագրային քաղաքական պայքարը։