Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովը կազմավորվել է, գրում է «Փաստինֆո» գործակալությունը:
ՀՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները փոխել են իրենց ներկայացուցիչներին։ Հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նա հանձնաժողովի կազմում փոխարինել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատված Էթիկայի հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես և նախորդ կազմում, շարունակելու է ներկայացնել Վահան Բաբայանը, «Օրինաց երկիր»-ը՝ Հովհաննես Մարգարյանը:
«Ժառանգություն»-ը կներկայացնի խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով փոխարինել է ԱՄՆ ուսման մեկնած Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀՅԴ-ն՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով փոխարինել է Արծվիկ Մինասյանին:
«Հայ ազգային կոնգրես»-ը դեռևս նախորդ նստաշրջանում հրաժարվել է Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց՝ ԱԺ կանոնակարգ-օրենքում հանձնաժողովի կազմավորման կարգի փոփոխություններով պայմանավորված:
Լուսանկարը՝ azatutyun.am