Կոնգրեսը ԲՀԿ-ի հետ ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին կմասնակցի միայն այն դեպքում, եթե դրա հիմքում դրվի իշխանափոխության հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Ազատություն»-ը հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միասնական քաղաքական և տնտեսական օրակարգ կազմելու և դրան հասնելու ճանապարհային քարտեզ ձևավորելու նպատակով կոնսուլատացիաներ է նախաձեռնել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:
Այդ նպատակով անցած ուրբաթ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Դաշնակցության Բյուրոյի և Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Այսօր ժամը 15։00-ին ԲՀԿ ղեկավարը կհյուրընկալի Հայ ազգային կոնգրեսին:
Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ այդ հանդիպմանը Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի: Զուրաբյանն ասել է, թե հանդիպմանը մասնակցելու հրավերը ուղարկվել է իրեն և, հետևաբար, ՀԱԿ-ը կկազմի իր պատվիրակությունը և հանդիպումը կկայանա: «Ազատության» թղթակիցը Լևոն Զուրաբյանին հարցրել է՝ արդյոք ճանապարհային քարտեզի հիմքում դրվել է իշխանափոխության հարցը:
«Մենք այլ ծրագրի մեջ չենք կարող մտնել: Հայ ազգային կոնգրեսը այլ ծրագիր իր համար չի պատկերացնում: Մենք ինքներս դրա մասին վեց տարի խոսել ենք, մենք ինքներս կառուցել ենք ինչ-որ մի գործընթաց և առաջարկել ենք ինչ-որ գործընթաց մարտի 1-ի հանրահավաքում: Ես չեմ ցանկանում որևէ քաղաքական ուժի անունից խոսել: Այն ծրագիրը, որը մենք հետապնդում ենք, մենք դրա մասին ժողովրդին պարզ ենք ասում, մեր գործընկերներին՝ պարզ ասում ենք: Եվ մենք պարզ էլ բացատրում ենք, թե մենք ինչ գործընթացի մեջ ենք մտնում: Եվ ես կարծում եմ այստեղ տարընթերցման որևէ հնարավորություն մենք ոչ մեկին չենք թողել, այնպես որ, եթե մեզ հետ մտնում են համագործակցության մեջ, սա նշանակում է, որ իրենք գիտեն՝ ուր ենք մենք միասին գնում», – ասել է Զուրաբյանը:
«Հստակ քաղաքական-հասարակական սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ» կազմելու մասին Գագիկ Ծառուկյանը խոսել էր փետրվարի 15-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարի ժամանակ՝ չմանրամասնելով կոնկրետ ինչի շուրջ պետք է այն լինի: