Վերջին օրերին որոշ քաղաքական շրջանականեր փորձում են առաջ քաշել այն վտանգավոր մոտեցումը, թե Ղրիմի այսպես ասած հանրաքվեն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում հնչեցրած իր ելույթում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։
«Նախ միանգամից նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային դեմոկրատական նորմերին խստիվ համապատասխան:
Ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը արհեստականորեն առաջ քաշվեց աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում և Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյալ:
Եվ վերջապես, Ղրիմում գործընթացները տեղի են ունենում ռուսական կողմի ռազմական ագրեսիայի ներքո, որոնք ազդեցիկ միջազգային իրավական սուբյեկտների կողմից արդեն իսկ ճանաչվել են անօրինական: Թեկուզ հենց այս պատճառով անթույլատրելի է ընդհանրացնել Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները», – ասել է Քոքոբելյանը:
Պատգամավորի խոսքով՝ ևս մեկ մտահոգության առիթ է այն փաստը, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Մաքսային Միությանն անդամակցելուց բխող վտանգներ են ի հայտ գալիս Հայաստանի համար։
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակներև է, որ Ռուսաստանն օրեցօր մղվում է միջազգային ակնհայտ մեկուսացման, որն անդառնալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա և նաև ակնհայտորեն ազդելու է Մաքսային Միության անդամ պետությունների վրա:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Մաքսային Միությանը, իր արտաքին տնտեսական քաղականության գործառույթների զգալի մասը զիջելու է այդ վերազգային կառույցին, որն էլ կարող է տանել Հայաստանի միջազգային մեկուսացմանը:
Մինչդեռ, ունենալով այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ միջազգային ճանաչման հիմնախնդիրը և Հայաստանի տնտեսական վիճակը, Հայաստանն ուղղակի իրավունք չունի թույլ տալ միջազգային ասպարեզում վտանգավոր ինքնամեկուսացումը:
Ավելին՝ Հայաստանը պարտավոր է արդեն իսկ քայքավող և մեկուսացման գնացող Մաքսային Միությանն անդամակցելու փոխարեն, վերանորոգել հարաբերությունները Եվրամիության հետ` արևելյան գործըներության և ասոցացման պայմանագրի շրջանաներում, որպես առաջադեմ, դեմոկրատական և զարգացած տնտեսական ինտեգրացիոն միավորի:
Ցավով եմ նշում, որ որոշ քաղաքական շրջանակներ պնդում են, թե Մաքսային Միությանն այլընտրանքը պատերազմն է: Դա նույնն է ասել, որ Հայաստանը զուրկ է հեռանկարից և ինքնուրույնությունից: Ավելին, դա հայկական պետականության թուլացմանն ուղղված մոտեցում է:
Դեռևս ուշ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը կասեցնի Մաքսային Միությանն անդամակցության գործընթացը, քանի դեռ այն հղի չէ առավել վտանգավոր իրադարձություններով», – իր ելույթը եզրափակել է Քոքոբելյանը: